ՀՀ ԿԲ–ն զգուշացրել է եկամուտների նվազման ռիսկերի մասին դեպի ՌԴ արտադրանքի մատակարարման պայմանների խստացման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանի կողմից մի շարք գյուղատնտեսական ապրանքների և պատրաստի պարենային արտադրանքի ներմուծման պայմանների խստացումը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի համապատասխան ոլորտների համար: Այս մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2025 թվականի III եռամսյակից մինչև 2026 թվականի II եռամսյակ ընկած ժամանակահատվածի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ արտահանման այլընտրանքային ուղղությունների սահմանափակության պայմաններում դա կարող է հանգեցնել եկամուտների նվազմանը Հայաստանի տնտեսությունում:
«ՌԴ կողմից հայ արտադրողների համար ներմուծման ստանդարտների խստացումը կարող է հանգեցնել Հայաստանում եկամուտների և պահանջարկի թուլացմանը, ինչը կարող է ունենալ նաև լրացուցիչ դեֆլյացիոն ազդեցություն՝ պայմանավորված առանձին ներքին շուկաներում ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկերով»,- ասվում է փաստաթղթում:
Հաշվետվության մեջ գրանցվել է նաև, որ դիտարկվող ժամանակահատվածի վերջում դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերում, մասնավորապես՝ լոլիկի և թարմ ձկան մասով, նկատվել է գների նշանակալիորեն ավելի խորը նվազում, քան ենթադրում էր սեզոնային դինամիկան: Կարգավորիչը դա կապում է ներմուծման պայմանների խստացման և արտահանման հնարավորությունների սահմանափակման հետ:
Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով: Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ կենդանի ձուկն ու ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:
Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ:
Օգոստոսի 10-ին ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանը հայտարարել էր, որ ռուսական միջոցառումների ազդեցությունը կարող է տատանվել Հայաստանի ՀՆԱ-ի 1-1.5%-ի սահմաններում: