Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ազատության հրապարակում տեղի կունենա Վերջին զանգի գլխավոր միջոցառումը

22.05.2017, 15:10
Օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:
Ազատության հրապարակում տեղի կունենա Վերջին զանգի գլխավոր միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 26-ի դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ արդեն իսկ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները, Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է աշխատակազմի հանրակրթության վարչության պետը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նշվել է նաև, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:

Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում և մանկապարտեզների ավագ խմբերում շարունակվում է խիստ հսկողությունը՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ: 

Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունները շարունակել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի և պահպանման պայմանների ուսումնասիրությունները: Նշվել է նաև, որ նախորդ մեկ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ նման աշխատանքներ տարվել են 147 մանկապարտեզներում:

Արդյունքում խախտման դեպքեր չեն գրանցվել:

«Հանձնարարվել է շարունակել հսկողությունը: Զեկուցվել է նաև, որ քայլեր են ձեռնարկվում մանկապարտեզների ավարտական խմբերի երեխաներին պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու մասով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Զեկուցվել է նաև, որ արդեն իսկ պատրաստ է հունիսի 1-ից մայրաքաղաքում մեկնարկող «Երևանյան ամառ-2017» եռամսյա ծրագրի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը: Այդ համատեքստում նշվել է, որ արդեն իսկ հստակեցված է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ միջոցառումների ժամանակացույցը: 

Հանձնարարվել է մասնավորապես «Երևանյան ամառ-2017» եռամսյա ծրագրի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցն առաջիկայում ներկայացնել հանրությանը:–0–