Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ վատ եղանակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 23–ից շարունակում է փակ մնալ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ցամաքային միակ ճանապարհը` Վերին Լարսի անցակետը։
Ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Այս ուղղությունը փակվել է հունիսի 23–ին անցակետից 2 կմ հեռավորության վրա տեղի ունեցած քարաթափից հետո, որտեղ Տերեկ գետի վարարման հետրանքով 500-600 մ հատվածն ամբողջովին փլուզվել է։ Անվտանգության նկատառումներից ելնելով` այդ հատվածը երթևեկության համար փակվել է։
Փակ անցակետում կուտակված մեքենաների վարորդները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:
Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկությանը, Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:
Նախնական տվյալներով` ավտոճանապարհը փորձնական բաց կլինի հուլիսի 6-ին՝ որոշ ժամանակով:
Հուլիսի 4-ին, ժամը 17.00-ին Դարիալում նախատեսվում էր ժամանակավորապես բացել ավտոճանապարհ 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ, սակայն հորդառատ անձրևների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից՝ Լարսի ավտոճանապարհը չի բացվել:
Այսօր՝ հուլիսի 6-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` ժամը 10.30-ի դրությամբ Լարսի ավտոճանապարհը պատրաստ է շահագործման, սակայն, ելնելով եղանակային վատ պայմաններից, դեռևս չի բացվի:–0–