Առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցման համակարգում հայտնվել է ռուսաց լեզվով ուսուցման հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով:
Ինչպես հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, ՀՀ քաղաքացիություն չունեցողները (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է ՀՀ քաղաքացի, մյուսը` վերոնշյալներից որևէ մեկը, իրենց երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են ինքնուրույն:
«Հետևաբար, համակարգում առանձնացվել է ռուսաց լեզվով ուսուցման բաժին, և ծնողը, որը համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է իր երեխային հայտագրել ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցում: Եթե փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս հայտնաբերվի անհամապատասխանություն, ապա հայտագրումը կչեղարկվի», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Առցանց համակարգը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 09:00-ին:-0-