Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» դեղի անհրաժեշտ քանակությամբ

15.01.2016, 20:54
Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» դեղի անհրաժեշտ քանակությամբ։
Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» դեղի անհրաժեշտ քանակությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ, նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության` ձեռքբերված «Տամիֆլյու» դեղի հավելյալ քանակն արդեն իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին` թե հիվանդանոցներին, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին:

Նախարարությունը նշում է, որ բժշկական ցուցումների առկայության դեպքում բժշկի նշանակմամբ «Տամիֆլյու» հակավիրուսային դեղը բնակչությանը տրամադրվում է անվճար:

Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հունվարի 12-ից հանրապետության մարզային և քաղաքային բոլոր բժշկական հաստատություններին բաշխվել է որպես մարդասիրական օգնություն ստացված 12 անուն հակավիրուսային, հակամանրէային դեղեր և վիտամիններ, ինչպես նաև բժշկական նշանակության ապրանքներ, որոնք ևս կտրամադրվեն բնակչությանը` ըստ ցուցումների:

Հունվարի 15–ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի:

502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։

Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:

Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ Հայաստանում գրիպի համաճարակ չկա։ Նա պարզաբանել է, որ համաճարակի առկայությունը որոշվում է բավականին բարդ հաշվարկների և բանաձևերի հիման վրա, և համաճարակ է համարվում այն իրավիճակը, երբ հիվանդացածների թիվը 4–5 անգամ գերազանցում է նորման, այն դեպքում երբ հիմա Հայաստանում այդ ցուցանիշները գերազանցում է նորման 1,5 անգամ։–0–