Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի բնակիչների կեսից ավելին իրեն երջանիկ է համարում. հարցում

08.01.2016, 15:05
Հայաստանի բնակիչների կեսից ավելին իրեն երջանիկ է համարում, վկայում են Gallup International–ի անցկացրած հարցման արդյունքները։
Հայաստանի բնակիչների կեսից ավելին իրեն երջանիկ է համարում. հարցում
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակիչների կեսից ավելին իրեն երջանիկ է համարում, վկայում են Gallup International–ի անցկացրած հարցման արդյունքները։

 Gallup–ի տվյալներով, Հայաստանում հարցվածների մոտ 53 տոկոսը գոհ են իրենց կյանքից, ավելի քան 40 տոկոսը դրան չեզոք են վերաբերվում, 6 տոկոսն իրենց դժբախտ են համարում, իսկ 1 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Այսպիսով, Հայաստանում երջանկության ցուցիչը (երջանիկների և դժբախտների միջև դրական տարբերություն) կազմել է 47 տոկոս, ինչը երկրի 35–րդ տեղն է զբաղեցրել Gallup–ի վարկանիշում։

Gallup–ի վարկածով ամենաերջանիկ երկրների ցուցակը գլխավորել է Կոլումբիան, որտեղ երջանկության ցուցիչը կազմել է 85 տոկոս։ Նրան հաջորդում են Ֆիջին և Սաուդյան Արաբիան 82 տոկոս ցուցանիշով։ Չորրորդ տեղում է Ադրբեջանը (81%), իսկ ամենաերջանիկ երկրների հնգյակը եզրափակում է Վիետնամը 80 տոկոս ցուցանիշով։ Միաժամանակ, աշխարհում երջանկության միջին ցուցիչը, Gallup–ի հարցման արդյունքներով, կազմել է 56 տոկոս։

Միաժամանակ, ինչպես ցույց տցվեցին հարցման արդյունքները, 2016 թվականին հայերի սպասելիքներն այդքան էլ բարձր չեն` Հայաստանում հարցվածների միայն 21 տոկոսն է կարծում, որ 2016 թվականն ավելի լավը կլինի, քան նախորդը: Միաժամանակ, բնակչության 29 տոկոսը վատատես է, 38 տոկոսը` չեզոք, իսկ 11 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Արդյունքում, 2016 թվականի հոռետեսական տրամադրությունները լավատեսականներից ավելի են 8 տոկոսով։

Երկրի տնտեսական լավատեսության արդյունքները նույնպես հուսադրող չեն` Հայաստանի բնակչության միայն 16 տոկոսն է 2016 թվականին տնտեսական լավ հեռանկարներ տեսնում, 44 տոկոսը բացասական են տրամադրված, 31 տոկոսը` չեզոք, իսկ 9 տոկոսը չի կողմնորոշվել։

Այսպիսով, Հայաստանում տնտեսական լավատեսության ցուցիչը, որը հաշվարկվում է որպես լավատեսների և հոռետեսների միջև տարբերություն, կազմել է մինուս 28 տոկոս։

Հետազոտության ընթացքում Gallup International–ը հարցման է ենթարկել ավելի քան 66 հազար մարդ աշխարհի 68 երկրներից։ Հարցումն անցկացվել է ազգային ներկայացուցչական ընտրության սկզբունքով։ -0-