Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Ավելի քան 400մլն դրամ կուղղվի Երևանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման ծրագրին

Երեկ, 18:19
Ծրագրով նախատեսվում է իրականացնել Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման շինարարական աշխատանքներ
Ավելի քան 400մլն  դրամ կուղղվի Երևանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․   Կառավարությունը հավանություն է տվել Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների ծրագրին, որի իրականացմանը կուղղվի 477,107.9 հազար դրամ:

Ըստ հիմնավորման՝ Ամիրյանը ամենահին կենտրոնական և հանրապետական նշանակություն ունեցող փողոցներից է, քաղաքի մշակութային և տուրիստական հատվածներից: Փողոցի վրա են գտնվում մի շարք պատմամշակութային շենքեր:

Վերջին մի քանի տասնամյակում այն երկկողմանի չի վերանորոգվել, այլ իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, որոնք էլ մայթը դարձրել են ոչ գրավիչ և անհարմար քաղաքացիների տեղաշարժի համար:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ամբողջությամբ երկկողմանի վերանորոգել Ամիրյան փողոցի մայթը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ գրունտների մշակում, հողային աշխատանքների, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացում, հին նստարանների ու աղբամանների ապամոնտաժում և նորերի տեղադրում, բազալտե և տուֆե սալիկների, ինչպես նաև եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման անձրևատարի կառուցում բազալտե սալերով, թեքահարթակների երեսպատում, ասֆալտի շերտի թարմացում, դիտահորերի նիշերի ուղղում, ոռոգման ցանցի կառուցում, կանաչ գոտիների ընդլայնում: