Այս պահից հակահամաճարակային անվտանգության միջոցառումներն առավել են խստացվելու. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Ոստիկանությունը, տեսչական մարմիններն ու պետական մյուս կառույցները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Տեղակայվում են հսկիչ-անցակետեր, ամենօրյա ռեյդեր են իրականացվում մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներում, փողոցներում ստուգվում են քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, ստուգվում են տնտեսվարողները, սննդի հանրային օբյեկտները, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք և այլն։
«Այս պահից հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվելու են։ Յուրաքանչյուր օրինախախտ կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից քաղաքացիներին կոչ են անում պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները, կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն։
«Միասին անենք ամեն ինչ` համավարակի տարածումը կանխելու համար», –ընդգծել են ոստիկանությունից։
Հայաստանում հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով:–0–