Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Գլխավոր դատախազն առաջարկում է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ պետությանը վերադարձված տարածքներում անտառ հիմնել

07.08.2025, 15:08
Գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը հեռուստաաշտարակին հարող 1,7 հա հողամասի նկատմամբ
Գլխավոր դատախազն առաջարկում է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ պետությանը վերադարձված տարածքներում անտառ հիմնել

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Երևանի հեռուստաաշտարակին կից հողամասը կամրացվի ՇՄՆ-ին և անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կտրվի «Հայանտառին»։ «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշման նախագիծը Կառավարությունը ընդունեց օգոստոսի 7-ի նիստին։

Որոշման մեջ նշվում է, որ ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան փողոց հարող տարածք հասցեում գտնվող 1,044,444, 159 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,773 հա մակերեսով հողամասը ամրացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:

Անշարժ գույքն անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կազմակերպության կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն, 2025 թ.-ի մայիսի 8-ի վճռով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Կարեն Իսկանդարյանի՝ Երևանի քաղաքապետի և Կարեն Իսկանդարյանի միջև 13.04.2005թ. կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վճռի հիման վրա 2025թ. հունիսի 20-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,7730 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով, միայն Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս ՀՀ-ին է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով հողատարածք, որի շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 մլրդ դրամ է կամ՝ 7,8 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ-ի սեփականության իրավունքը վերականգնված 4 հողատարածքներից՝   առաջինը 366 մլն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 1 հա մակերեսով հողամաս է, երկրորդը՝ 254 մլն դրամ արժեքով 0,6 հա մակերեսով, երրորդը՝ 654 մլն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով, չորրորդը՝ 646 մլն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով հողամաս է: Վարդապետյանն ասել է, որ գրություն է հասցեագրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված այս 4 հողամասերի վերաբերյալ:   «Գրությամբ առաջարկվել է նշված հողամասերի ոռոգման համակարգն ապահովելուց հետո, այդ տարածքում հիմնել Երևանի բնակիչների կյանքի որակը բարձրացնող «թթվածնային գոտի»՝ անտառ»,-նշել է նա։

Անդրադառնալով կեղծիքով հողի օտարման հնարավորությունների բացառմանը՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ 2025 թ.-ին երկու գործիք է ներդրվել.

«Առաջինը համայնքային հողերի վաճառքի հետ կապված անպայման գնահատման պայմանն է, այսինքն՝ դրանք այլևս հնարավոր է գնել և վաճառել շուկայական արժեքով, այսինքն՝ այդ հողակտորներից յուրաքանչյուրի համար առանձին գնահատում է իրականացվում: Եվ երկրորդը վերաբերում է պետական գույքի օտարմանը: Մենք այլևս այն վաճառում ենք բացառապես էլեկտրոնային եղանակով, և շուրջ 730 աճուրդ ունենք, որից արդեն 120-ը ամբողջությամբ ավարտվել է»,-ասել է նա։

«Մեր նպատակն է գույքերի վաճառքը դարձնել մաքսիմալ հրապարակային, թափանցիկ և տեղեկատվությունը հասանելի բոլորի համար ցանկացած պահի»,-ընդգծել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։