Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

24.04.2019, 08:00
Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է:
Համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է:

Աշխարհասփյուռ հայությունը հիշում է 20-րդ դարի ամենադաժան ողբերգության անմեղ զոհերին: Ոգեկոչման արարողություն է լինելու Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում:
Հազարավոր մարդիկ, երկրի հյուրերը, պաշտոնյաներ ծաղիկները ձեռքերին առավոտից սկսում են երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:

Ցեղասպանության պատմությունը

1915 թ. ապրիլի 24-ին թուրքական զնդան էին գցվել, այնուհետև ոչնչացվել հայ մտավորականության 800 հայտնի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ, ուսուցիչներ, բժիշկներ, հրապարակախոսներ, հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։

Հայ ազգի լավագույն ներկայացուցիչների հետ հաշվեհարդարի օրը՝ ապրիլի 24-ը, համարվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող օր։

Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմից հետո Օսմանյան կայսրության լծից ազատվեցին բալկանյան երկրների քրիստոնյա ազգերը։ 1912 թ.-ին Օսմանյան կայսրությունը զրկվեց Եվրոպայում իր գրեթե բոլոր տիրույթներից, բացի Ստամբուլից և դրա մերձակայքից։ Այս ամենի արդյունքում՝ կայսրության լծի տակ մնացած ամենաբազմաքանակ քրիստոնյա ժողովուրդը Արևմտյան Հայաստանի հայերն էին։

Տարածքի ասիական մասում իր իշխանության պահպանման նպատակով կայսրության կառավարությունը իր առջև պանթուրքական պետություն ստեղծելուն խոչընդոտող արևմտյան հայերի ուծացման կամ ոչնչացման խնդիր դրեց։

Իր պատմական հայրենիքում հայերի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը սկսվել էր XIX դարի 90-ական թթ.-ից և իր գագաթնակետին հասել Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին, երբ զանգվածային ջարդերի և արտաքսման հետևանքով զոհվեց շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայեր ապաստանեցին Կոսվկասում և Եվրոպայում։ Այս ամեն հետևանքով XX դարի սկզբում Թուրքիայում բնակվող 2 մլն հայերից այնտեղ մնաց 150 հազարը։

Այն հեշտությամբ, որով թուրք ջարդարարներին հաջողվեց իրականացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, մասամբ բացատրվում է ոչնչացման մոտեցող վտանգին հայ բնակչության, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցությունների պատրատ չլինելով։ Սակայն որոշ վայրերում հայ բնակչությունը թուրք ջարդարարներին համառ դիմադրություն ցուցաբերեց։ Վան քաղաքի հայերը, ինքնապաշտպանվելով, հաջողությամբ ետ մղեցին թշնամու գրոհները, իրենց ձեռքում պահեցին քաղաքը՝ մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների գալը։

Մի քանի անգամ գերազանցող թշնամու ուժերին զինված դիմադրություն են ցուցաբերել Շապինգարահիսարի, Մուշի, Սասունի, Շատախի հայերը։ Քառասուն օր շարունակվել է Մուսա լեռան պաշտպանների սխրագործությունը։ 1915 թ. հայերի ինքնապաշտպանությունը ժողովդրի ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջն է։

Ցեղասպանության անմիջական կազմակերպիչը «Միաբանություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցությունն էր, որին աջակցում էր կայսերական Գերմանիայի կառավարությունը՝ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցը։ Հանցագործության կազմակերպիչներին հաջողվեց խուսափել պատժից, սակայն երիտթուրքերի պարագլուխները աշխարհի տարբեր ծայրերում գտնվել և ոչնչացվել են հայ հայրենասերների կողմից։

Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին աջակցել են համաշխարհային մտավորականության լավագույն ներկայացուցիչները՝ Անատոլ Ֆրանսը, Ֆրանց Վերֆելը, Վալերի Բրյուսովը, Մաքսիմ Գորկին, Ֆրիտյոֆ Նանսենը և այլոք։

Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–