Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 29-ին, 30-ին և 31-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային շրջագայությամբ հանդես եկավ Սյունիքի մարզում՝ աշխարհահռչակ ջութակահար, մեր ժամանակների ամենանշանավոր երաժիշտներից մեկի՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ։
Համերգները կայացան Մեղրի, Կապան և Գորիս քաղաքներում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ։

Համերգային ծրագրում ընդգրկված էին Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը սոլ մինորում, որը կատարեց Սերգեյ Խաչատրյանը, ինչպես նաև Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, որը հնչեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։
Համերգային շրջագայությունը դարձավ Սյունիքի մարզի մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից մեկը՝ մարզի բնակիչներին հնարավորություն ընձեռելով ունկնդրելու համաշխարհային մակարդակի երաժիշտների կատարումները և վայելելու դասական երաժշտության գլուխգործոցները Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվներից մեկի կատարմամբ։
Այս նախաձեռնության նպատակն է համախմբել Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչների ջանքերը՝ մշակութային և հասարակական նշանակություն ունեցող ծրագրերին աջակցելու շուրջ։

Սերգեյ Խաչատրյան, ջութակահար․ «Ինձ համար մեծ պատիվ և անսահման ուրախություն է ելույթ ունենալ հայրենիքում՝ իմ ժողովրդի առջև։ Հայաստանը հատուկ տեղ ունի իմ սրտում, և ես միշտ առանձնահատուկ հուզմունքով եմ վերադառնում այստեղ։ Ուրախ եմ, որ այստեղ ինձ հիշում են, սիրում և սպասում։ Յուրաքանչյուր արվեստագետի համար ամենակարևորը հայրենի հողի և իրեն աջակցող մարդկանց հետ այդ անքակտելի կապն է»,– նշեց Սերգեյ Խաչատրյանը։
Էդուարդ Թոփչյան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր․ «Մենք պարբերաբար կազմակերպում ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային շրջագայությունները Հայաստանի մարզերում։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ երկրի բոլոր բնակիչները հնարավորություն ունենան հաղորդակցվելու դասական երաժշտությանը և չզգան իրենց կտրված երկրի մշակութային կյանքից։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նվագախմբի երաժիշտներին՝ այս շրջագայություններին մասնակցելու պատրաստակամության համար, ինչպես նաև մեր գործընկերներին՝ աջակցության և համագործակցության համար»,– ասաց Էդուարդ Թոփչյանը։

Ռուզաննա Գրիգորյան, ընկերության պաշտոնական ներկայացուցիչ․ «Մեր ընկերությունը մշտապես պատրաստակամ է աջակցել կարևոր մշակութային նախաձեռնություններին։ Մենք հետևողականորեն իրականացնում ենք միջազգային ճանաչում ունեցող մշակույթի գործիչների մասնակցությամբ ծրագրեր, քանի որ կարևորում ենք Հայաստանի նկատմամբ համաշխարհային արվեստի նշանավոր ներկայացուցիչների ուշադրության մեծացումը։

Այսօր, առավել քան երբևէ, մեր երկիրը կարիք ունի աջակցության, համախմբվածության և միասնականության։ Հենց այդ պատճառով այս նախագիծը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Դրան մասնակցում է մեր հայրենակից, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որը նվաճել է աշխարհի լավագույն համերգասրահները, սակայն երբեք չի կորցրել իր կապը հայրենիքի հետ և մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանը։
Այս նախագիծը միավորում է մարդկանց, որովհետև երաժշտությունը համամարդկային լեզու է, որը հասկանալի է բոլորին։ Դա այն լեզուն է, որի միջոցով մարդիկ լսում և հասկանում են միմյանց»,– նշեց ընկերության ներկայացուցիչը։