Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը

07.08.2020, 15:17
Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը
Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հավաքվել ենք քննարկելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո և մասնավորապես հայ համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր հետագա անելիքները և հստակեցնել, թե կառավարության ու ընդհանրապես հայաստանյան տարբեր կազմակերպությունների գործողություններն ինչպե՞ս ենք համակարգելու, ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ խնդիրներ ենք ձևակերպելու այս փուլում: Այս պահին պլանավորված է երեք ինքնաթիռի թռիչք: Երեքն էլ հումանիտար աջակցություն է լինելու՝ դեղորայք, սնունդ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զեկուցել է, որ առաջին թռիչքը պլանավորված է շաբաթ օրը երեկոյան՝ ժամը 21:00-ին, որի հիմնական նպատակն է լինելու առաջին հերթին դեղորայքային աջակցություն ցուցաբերելը: «Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Ներկայումս ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը: Կարծում ենք՝ առաջին թռիչքով ունենալու ենք մինչև 12 տոննա բեռ, որը պետք է տեղափոխվի Լիբանան»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Լիբանան են այցելելու Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև Լիբանանի կառավարության և տեղի հայ համայնքի հետ հանդիպումների արդյունքում հստակեցնեն, թե այլ ինչ միջոցների կարիք կա ինչպես Լիբանանի կառավարությանը, այնպես էլ տեղի հայ համայնքին աջակցելու համար:

Այնուհետև քննարկվել են աշխատանքների կազմակերպմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:-0-