Հայաստանում կփոխվի կառավարության անդամների երդման տեքստը
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Ազգային ժողովն երկուշաբթի կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք առաջարկում են փոխել կառավարության անդամների երդման տեքստը:
Կողմ է քվեարկել 61 պատգամավոր, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 0։ Երկրորդ ընթերցումն անցնելու է հատուկ՝ 24-ժամյա ռեժիմով։
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ երդման տեքստի առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ գործող խմբագրությունն ամբողջությամբ չի արտացոլում պետության երկարաժամկետ գոյության, ապագա սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային հարցերը։
«Նոր խմբագրությամբ առաջարկվում է օգտագործել «հանուն ՀՀ հարատևության, ինքնիշխանության և զարգացման», «պաշտպանել պետական շահը», «ծառայել հանրային շահին» և այլ ձևակերպումներ: Այս հասկացությունները կոչված են արտացոլելու հայկական պետականության հիմքերը, ժողովրդավարական կառավարման սկզբունքները և կառավարության անդամի սահմանադրական առաքելությունը», - նշել էր Գալյանը։