Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող է առողջացել

13.04.2020, 17:59
ՀՀ ԶՈՒ-երում COVID-19-ով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր զինառայող չկա
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող է առողջացել

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 13-ի դրությամբ, ՀՀ ԶՈՒ-երում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող: Այս մասին հայտնել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անցկացվող մամուլի ասուլիսի շրջանակում:

«Ներկա պահին ԶՈՒ-երում COVID-19-ով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր զինառայող չկա, արհեստական շնչառական սարքին միացված ծառայողներ չկան»,- նշել է Օհանյանը:

Ընդ որում նա ընդգծել է, որ մեկուսացվածների ընդհանուր թիվը նպատակահարմար չէ բարձրաձայնել, հաշվի առնելով որոշակի գաղտնիությունը: 

«Ապրիլի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ 6 զինծառայող ավարտել է բուժումը և դուրս գրվել հետագա ծառայությունը շարունակելու համար»,- նշել է նա:

Օհանյանն ընդգծել է, որ ներկա դրությամբ կորոնավիրուսով պայմանավորված ԶՈՒ-երում զորանոցային վիճակ բերելու կարիք չկա, քանի որ «ԶՈՒ-երի ռազմաբժշկական ծառայությունն իր զորու է և իրականացնում է այնպիսի ծավալի աշխատանքներ, որ այդ խնդրի առաջ կանգնած չենք»:  

«Անհրաժեշտության դեպքում՝ եթե վիճակը պահանջի բերել զորանոցային, ապա ԶՈՒ-երի և ՊՆ-ի ղեկավար կազմն այդ որոշումը կկայացնի»,- նշել է Օհանյանը: 

Նա հայտնել է, որ ռազմական բժիշկները լիարժեքորեն ներգրավված են գործընթացում: Ավելին, ռազմաբժշկական ծառայությունը փոխանցում է իր տարիների կուտակած փորձը՝ վարակների և համաճարակների դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր զինծառայողների շրջանում 6 վարակումների դեպքը կապ ունի վարակման առաջնային դեպքի հետ: 

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 13-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 1039 հաստատված դեպք։ Բուժվել է 211 մարդ, 14 մարդ, ցավոք, մահացել է։–0–