Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին

24.04.2014, 10:45
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել «Ծիծեռնակաբերդի» Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։
ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել «Ծիծեռնակաբերդի» Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։

ՀՀ նախագահին ուղեկցում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ։

Հայ հոգևորականության ներկայացուցիչները` Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգեհանգստի կարգ են կատարել «անմար կրակի» մոտ։

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ապրիլի 24-ին հիշում է Օսմանյան կայսրության օրոք իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին: Ամեն տարի այդ օրը հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ծիծեռնակաբերդի Հավերժական կրակի մոտ:

Ավանդաբար հուշահամալիր են այցելում ՀՀ նախագահը, կառավարության անդամներ, պատգամավորներ, հոգևորականներ, հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, սփյուռքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր՝ քաղաքական գործիչներ, մշակույթի գործիչներ ու մտավորականներ տարբեր երկրներից:

Ապրիլի 23–ի երեկոյան Երևանում ավանդաբար տեղի ունեցավ երիտասարդության ջահերով երթը, որն ուղեկցվեց թուրքական դրոշն այրելով։

Հայերի բնաջնջման հարցում առաջին միջազգային արձագանքն արտահայտվել է 1915 թ.–ի մայիսին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները որակվել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված նոր հանցագործություններ»։ Գերտերությունները զգուշացրեցին Օսմանյան կայսրությանը հանցագործության համար նախատեսված պատասխանատվության համար։ 1916, 1919, 1920 թթ.–ին հայերի վիճակին վերաբերող որոշումներն ընդունվում էին ԱՄՆ Սենատի կողմից։

1915 թ.–ի սարսափելի ողբերգությունը ճանաչող և դատապարտող առաջին հատուկ բանաձևն ընդունել է Ուրուգվայը 1965 թ.–ի ապրիլի 20–ին։ Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրենքներն ու որոշումները հետագայում ընդունվել են ԵԽ–ի, ՌԴ Պետդումայի, այլ երկրների, մասնավորապես` Կիպրոսի, Արգենտինայի, Կանադայի, Հունաստանի, Լիբանանի, Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Սլովակիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Գերմանիայի, Վենեսուելայի, Լիտվայի, Չիլիի խորհրդարանների, ինչպես նաև Վատիկանի կողմից։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ամերիկյան ավելի քան քառասուն նահանգներ, բրազիլական Սան Պաուլու, Սեարա, Պարանա նահանգները, ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգը, Կատալոնիան, Բասկերի Երկիրը, Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան, Ուելսը, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, կանադական Բրիտանական Կոլումբիա, Քվեբեկ, Օնտարիո գավառները, Ժնև և Վաուդ շվեյցարական կանտոնները, Բուենոս Այրես և Կորդոբա արգենտինյան գավառները, մոտ 40 իտալական կոմունա, տասնյակ միջազգային կազմակերպություններ, այդ թվում այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսին են Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը, Ցեղասպանագետների ասոցիացիան, Մարդու իրավունքների լիգան, Էլի Վիզելի մարդասիրական հիմնադրամը, Ամերիկայի հրեական համայնքների միությունը։–0–