Պարետի որոշմամբ ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում կատարվել են փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում:
Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը։
«Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները», – նշել է նա Facebook–յան իր էջում:
Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝
Մշակող արդյունաբերության հատվածում՝
12 - Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,
25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,
Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 - Շինարարության ավարտական փուլի աշխատանքների,
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝
71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։
Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով», – նշել է Ավինյանը։
Պարետի նոր որոշմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ։
Ապրիլի 12–ի ժամը 11–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1013 դեպք, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–