Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Արցախ և մասնակցել եռատոնին նվիրված միջոցառումներին
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Սովորաբար այս օրը Հայաստանի և Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ է դնում Հայրենական Մեծ Պատերազմի հերոսների և Արցախի ազատամարտիկների հուշահամալիրներին։ Տոնական միջոցառումներ են անցկացվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։
Սակայն այս տարի բոլոր տոնակատարությունները կանցկացվեն փակ ձևաչափով կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Ստեփանակերտի օդանավակայանում վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնանց հետ:
Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
ՀՀ վարչապետն ու տիկին Հակոբյանն այնուհետև այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:
Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ այցելել է նաև Ստեփանակերտի նորակառույց թաղամասի կաթսայատուն, որն աշխատում է պելետային համակարգով: Վարչապետը ծանոթացել է կաթսայատան աշխատանքին և պելետներով թաղամասի ջեռուցման հնարավորություններին:
Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` Բակո Սահակյանը նշել է. «2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Դուք այցելել էիք Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայությունն այս օրը յուրովի է արժևորում եռատոնը: Մենք հերթական անգամ Ձեզ հետ միասին խոնարհվեցինք մեր մարտիրոսված հայրենակիցների շիրիմների առաջ: Այս օրը մենք օգտագործում ենք նաև մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են նվիրել, իրենց կարողությունները ներդրել մեր հայրենիքն ազատագրելու համար:-0-