Քաղաքապետարանն Օպերայի հարակից տարածքի կանաչապատման բաց մրցույթ կհայտարարի
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և ձևավորելու համար կհայտարարվի բաց մրցույթ։ Այսպիսի հանձնարարական է տվել քաղաքապետ Հայկ Մարությանը երկուշաբթի կայացած խորհրդակցության ընթացքում։
«Օպերային կից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով»,– նշեց Մարությանը։
Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև բնակիչներին:
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։
Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։ -0-