Քաթարը չի փոխել դեպի Հայաստան ավիաչվերթերի չվացուցակում. ՔԱԳՎ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Քաթարը չի փոխել Դոհա–Երևան–Դոհա կանոնավոր ուղիղ չվերթերի ժամանակցույցում պետության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
Ինչպես հայտնի է դարձել երկուշաբթի, վեց արաբական ավիաընկերություններ դադարեցրել են չվերթերը դեպի Քաթար նրանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, ԱՄԷ–ն, Եմենը և Լիբիան խզել են հարաբերություններն այդ պետության հետ։
«Դոհայից Երևան թռիչքներն այս պահին իրականացվում են, դրանց չեղարկման հարց չի քննարկվում»,– ասաց Հովհաննիսյանը։
Qatar Airways–ը հայկական շուկայում գործում է 2016 թվականի մայիսից` իրականացնելով Դոհա–Երևան–Դոհա կանոնավոր չվերթեր։
Երկուշաբթի հաղորդվել է, որ Քաթարի հետ դիվանագիտական կապերը խզել են ընդհանուր առմամբ հինգ պետություն։ Նրանք նաև դադարեցրել են պետության հետ օդային և ծովային հաղորդակցությունը։
Դոհային մեղադրել են ահաբեկչական կազմակերպությունների օժանդակության և Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում և այլ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման համար։ Էմիրության ԱԳՆ–ն նման քայլերը ոչ արդարացված է համարել և հերքել է Քաթարի հասցեին առաջադրված պահանջները։ -0-