ՔԿ․ «Երևան սիթի»–ում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ հրկիզման հատկանիշներով
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նախօրեին Երևանի Կոմիտասի պողոտայում գործող «Երևան սիթի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես «ԱՌԿԱ»–ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։
Քրեական վարույթի շրջանակում նշանակվել են ապրանքագիտական, ինչպես նաև հրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները տևել են շուրջ 3 ժամ, ներգրավված է եղել 14 մարտական հաշվարկ, մեկ մարդ հոսպիտալացվել է, երկու քաղաքացի ծխահարման հետևանքով ստացել է առաջին բուժօգնություն։