ՔԱԳՎ պետ. Pegasus Airlines թուրքական լոուքոսթերի մուտքը հայկական շուկա հետաձգվում է անորոշ ժամկետով
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Pegasus Airlines թուրքական լոուքոսթերի մուտքը հայկական շուկա հետաձգվում է, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Սերգեյ Ավետիսյանը։
«Երեկ մենք նամակ ստացանք Pegasus Airlines ընկերությունից այն մասին, որ տեխնիկական խնդիրների պատճառով ավիաընկերության մուտքը մեր շուկա դեռ հետաձգվում է անորոշ ժամկետով», – հայտարարեց Ավետիսյանը։
Նա ավելացրեց, որ հայկական շուկա մուտք գործելու նախաձեռնության գաղափարը պատկանում էր Pegasus Airlines ավիաընկերությանը, ինչը Հայաստանն իր կողմից ողջունել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 1-ից Pegasus Airlines ավիաընկերությունը կմեկնարկի Ստամբուլից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան չվերթերի իրականացումը: Նախատեսվում էր, որ չվերթերը կիրականացվեն շաբաթը երեք անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:
Pegasus Airlines-ը թուրքական բյուջետային ավիաընկերություն է` տեղակայված Ստամբուլում: Այն առավել ակտիվ լոուքոստերներից է, որը կանոնավոր և չարտերային միջազգային չվերթեր է իրականցնում Թուրքիայում և գրեթե դեպի բոլոր եվրոպական երկրներ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:31 03.05.2017