Рейтинг@Mail.ru
USD
363.44
EUR
414.98
RUB
4.322
GEL
138.67
2026 թ. սեպտեմբերի 23, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանն ընդլայնում է Բժշկական զբոսաշրջությունը 3 հիմնական ուղղություններով

Երեկ, 16:43
Հայաստանը մտադրված է զարգացնել Բժշկական զբոսաշրջությունը միանգամից մի քանի ուղղություններով
Հայաստանն ընդլայնում է Բժշկական զբոսաշրջությունը 3 հիմնական ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկմանը։

Ինչպես հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, նախարարը ներկայացրել է ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով երեք առանցքային ուղղություն․

  • Միջազգային հասանելիության ընդլայնում․ Օդային կապերի զարգացում և վիզաների տրամադրման ընթացակարգերի պարզեցում։
  • Ենթակառուցվածքների զարգացում․ Բժշկական և զբոսաշրջային ենթակառուցվածքների հզորացում՝ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև հյուրանոցների ու առողջարանների կառուցման և վերանորոգման աջակցության ծրագրերի միջոցով։
  • Զբոսաշրջային կլաստերների ձևավորում․ Մարզերում նոր ուղղությունների ստեղծում TRIPP ծրագրի շրջանակում նախատեսվող 7 զբոսաշրջային կլաստերների միջոցով, այդ թվում՝ Բժշկական զբոսաշրջության ուղղվածությամբ։

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Բժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է ոչ միայն առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացման, այլև Հայաստանի տնտեսության համար՝ ստեղծելով նոր ներդրումների, ծառայությունների արտահանման, աշխատատեղերի և տնտեսական աճի լրացուցիչ հնարավորություններ։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարտա Սանկար Դատան։