Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Դյուրացվել է Հայաստանում մուտքի արտոնագրի ստացումը

20.04.2017, 17:03
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կառավարության նիստում որոշել է պարզեցնել պետական սահմանում մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը:
Դյուրացվել է Հայաստանում մուտքի արտոնագրի ստացումը

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կառավարության նիստում որոշել է պարզեցնել պետական սահմանում մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը: Կառավարության որոշման համաձայն, ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը:


Ինչպես նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հարցաթերթիկում տվյալների մեծ մասը լրացնելու անհրաժեշտությունը կրում է ձևական բնույթ, քանի որ դրանք հաճախ լրացվում են սխալ, չեն ստուգվում և որևէ նպատակով չեն օգտագործվում: «Նոր փոփոխությունները կնպաստեն անցակետերում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը և Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը», - ավելացրեց Գասպարյանը:


Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր իրավասու կառույցներին մի շարք պետությունների քաղաքացիների համար պարզեցնել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրման ընթացակարգը, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և կբացառի Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար ավելորդ բարդությունները` ազատելով նրանց սահմանում դիմում-հարցաթերթիկ լրացնելու անհրաժեշտությունից:


Հաշվետվությունների և փորձագիտական գնահատականների համաձայն, 2016 թ.-ի հունվար-դեկտեմբերին հանրապետություն այցելել է 1 259 657 զբոսաշրջիկ, 2015 թ.-ի համախատասխան ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը մեծացել է 5,7 տոկոսով: Հյուրանոցային տնտեսությունների հաշվետվության տվյալներով, 2016 թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետություն այցելած զբոսաշրջիկների 25,7 տոկոսը բաժին են ընկնում ԱՊՀ երկրներին (21,7 տոկոս Ռուսաստան), 25,8 տոկոսը` ԵՄ երկրներին , 48,5 տոկոսը` այլ երկրներին: -0-