Հունական Կրետե կղզում հանգիստն անցկացնելը կարող է լավ այլընտրանք դառնալ Թուրքիայի հանգստավայրերին
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հունական Կրետե կղզում հանգիստն անցկացնելը կարող է լավ այլընտրանք դառնալ Թուրքիայի հանգստավայրերին։
Ինչպես նշվում է ActiTour ընկերության հաղորդագրության մեջ, ամառային հանգիստը հունական Կրետե կղզում անցկացնելն իրական այլընտրանք է Թուրքիայում հանգստանալ չցանկացողների համար։ Ընդ որում, առաջարկվող փաթեթները մրցակցային են թե գնային, թե որակական առումով:
ActiTour-ի հիմնադիր, տնօրեն Արթուր Գասպարյանի խոսքերով` տուրիստական ընկերության նպատակն է կոտրել այն կարծրատիպը, թե իբր Թուրքիայում ծովային հանգստին մրցունակ այլընտրանք չկա։
Գասպարյանը նշել է, որ ընկերությունն ունի զգալի փորձ, ուղիղ չվերթ և Le Grand-ի նման վստահելի և փորձված գործընկեր Կրետեում։
Գործընկերների հետ համատեղ ActiTour–ը ստեղծել է որակյալ և ապահով պայմաններ քրիստոնեական հուշարձաններով հարուստ հունական կղզում հայերի հանգիստն ապահովելու համար:
«Ես չէի անվանի մեր առաջարկը «հակաթուրքական», բայց մենք կանենք ամեն ինչ, որ մեր ծառայություններից օգտվողներն ունենան իրական այլընտրանք ամռանը Թուրքիա մեկնելուն, իհարկե, ողջամիտ գնով։ Էլ չեմ ասում, որ դժվար է թերագնահատել այն ջերմությունն ու դրական վերաբերմունքը, որն ունեն հույները հայերի նկատմամբ», – ասել է Գասպարյանը։
Զբոսաշրջության ոլորտում տարիների փորձ ունեցող հայաստանյան առաջատար ActiTour ընկերությունը, որն, ի թիվս այլ ուղղությունների, մասնագիտացած է դեպի հունական Կրետե կղզի չարտերային չվերթների և հանգստի կազմակերպման գործում, օրերս դասընթացներ էր կազմակերպել, որոնց մասնակցել են Երևանի 200-ից ավելի տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ: Դասընթացները վարել է հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած ActiTour-ի բացառիկ գործընկեր Le Grand Group of Companies ընկերության վաճառքի տնօրեն Իրինա Սորինան: Դասընթացների հիմնական նպատակներից էր ներկայացնել Հունաստանում՝ մասնավորապես Կրետե կղզում, հանգստի կազմակերպման առավելությունները՝ որպես Թուրքիայում հանգստին այլընտրանք թե որակական, թե գնային ցուցանիշներով:
Հայաստանի բազմաթիվ բնակիչներ նախընտրում են հանգստանալ Թուրքիայի հանգստավայրերում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, ինչը, փաստորեն, զրկում է նրանց օգտվել իրավական և հյուպատոսական պաշտպանությունից արտակարգ իրավիճակների դեպքում։ Որոշակի անհարմարություն է առաջացնում նաև երկու երկրների փոխհարաբերությունների բարդ պատմությունը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:42 12.03.2015