Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանը միացել է «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» միջտարածաշրջանային տուրիստական երթուղուն

07.11.2014, 19:54
Հայաստանը Երևանում կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում պաշտոնապես հայտարարել է «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» նոր միջտարածաշրջանային տուրիստական երթուղու բացման մասին: Հայաստանի հետ միասին այդ երթուղուն են միացել նաև Վրաստանը, Հունաստանն ու Թուրքիան:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը Երևանում կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում պաշտոնապես հայտարարել է «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» նոր միջտարածաշրջանային տուրիստական երթուղու բացման մասին: Հայաստանի հետ միասին այդ երթուղուն են միացել նաև Վրաստանը, Հունաստանն ու Թուրքիան:

Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքը 3000 կմ երկարություն ունեցող զբոսաշրջային երթուղի է, որը ձգվում է Սալոնիկից (Հունաստան) մինչև Մեղրի (Հայաստան): Միջանցքն ընդգրկում է տեղեկատվական և ուղեցուցային վահանակներով նշված ավելի քան 150 տեսարժան վայր, ուղեկից վեբ պորտալ և սմարթֆոնային հավելվածներ:

Ծրագիրն իրականացվում է AMAP Մարդկային զարգացման ՀԿ-ի կողմից, այն ֆինանսավորում է ԵՄ Սևծովյան ավազանի միացյալ գործողությունների ծրագիրը: Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է նաև ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսության, Հայաստանի ճանապարհորդությունների բյուրոյի և Արմինկոյի կողմից:

Երևանում կազմակերպված հանդիսավոր միջոցառումը նմանատիպ չորս միջոցառումներից առաջինն է: Մյուսները կանցնեն Թուրքիայում, Վրաստանում և Հունաստանում:

Ինչպես միջոցառման ընթացքում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, AMAP մարդկային զարգացման կազմակերպության շնորհիվ 2008-2014 թթ.-ին տեղադրվել է մոտ 400 տեղեկատվական վահանակ և 382 ցուցանակ 175 տեսարժան վայրերի համար:

«Մենք շատ ուրախ ենք այս ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որը նպատակաուղղված է ոչ միայն տուրիզմի, այլ նաև տարածաշրջանի զարգացմանը», - ասաց փոխնախարարը:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս կարևորեց այս ծրագրի տարածաշրջանային նշանակությունը:

«Տուրիզմի համար հարկավոր են մարդիկ, և այս ծրագիրը կոչված է միավորել մարդկանց: Կոչ եմ անում տարածաշրջանում գործող բոլոր ավիաընկերություններին օգտվել Հայաստանի «բաց երկինք» քաղաքականությունից և չվերթեր կազմակերպել: Այդ ծրագիրը թույլ կտա տարածաշրջանում գործող տուրիստական գործակալություններին մշակել և ներկայացնել համատեղ փաթեթներ», - ասաց նա:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ընդգծեց, որ այս նախաձեռնությունը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչ կարող են անել երկրները՝ համախմբելով իրենց ջանքերը, «եթե դրա համար կա քաղաքական կամք և մի փոքր գումար»:

«Նմանատիպ ծրագրերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Եվրամիությունն իսկապես փորձում է օգնել համագործակցության հաստատմանն իր սահմաններից դուրս, մասնավորապես՝ սևծովյան ավազանի տարածաշրջանում: Այսօր մեր նպատակն է ավելացնել ծրագրի բյուջեն 2014-2020 թթ.-ի համար», - ավելացրեց նա:

ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տագիսն իր հերթին ընդգծեց, որ դարեր շարունակ «Մետաքսի ճանապարհը» միավորել է մարդկանց՝ օգնելով նրանց ծանոթանալ նոր մշակույթներին:

«Այսօր այդ ճանապարհի նշանակությունը չի փոխվել: Տնտեսական բաղադրիչից բացի, այն նախկինի պես ծառայում է միմյանց ճանաչելու գաղափարին», - ընդգծեց դիվանագետը:

Հանդիսավոր միջոցառումը շարունակվեց տարածաշրջանային արվեստի գեղարվեստական արժեքների ցուցահանդեսով, ազգային կերակրատեսակների համտեսով և երաժշտական ելույթներով:-0-