2017 թ.–ի 10 հիմնական տնտեսական իրադարձություններն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անցնող 2017 թվականը հայկական, այդ թվում` համաշխարհային տնտեսության համար համեմատաբար կայուն էր և անգամ փոքր–ինչ դրական, երկրում սպասվում են կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ։
Միաժամանակ տարվա ընթացքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք մեծ արձագանք ստացան հայկական հասարակության շրջանում։ Դրանց թվում են գազի սակագնի պահպանումը և ջրի սակագնի բարձրացումը (սպասվածից ավելի քիչ), նոր կառավարության և Ներդրողների ակումբի ձևավորումը։
Ամփոփելով անցնող տարվա արդյունքները` «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է հայկական տնտեսության համար ամենակարևոր իրադարձությունների տասնյակը, որոնք իսկապես կարող են փոխել երկրի հետագա զարգացման ընթացքը։
1. Կառավարության ձևավորում
Ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվեց նոր խորհրդարան։ Ըստ Սահմանադրության, Ազգային ժողովի նիստի առաջին օրը` մայիսի 18–ին, կառավարությունը հրաժարական տվեց։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրն ընդունեց կառավարության հրաժարականն ու հրամանագիր ստորագրեց վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի վերանշանակման մասին։ Փաստորեն, Կարապետյանը պահպանեց իր պաշտոնը, այդ թվում ` նրա կաբինետի նախարարների մեծ մասը, ովքեր շարունակեցին աշխատանքը կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ։ Նախագահը կառավարության ձևավորումը վերջնական ավարտեց մայիսի 31–ին։ Ներկայացնելով նոր կառավարությունը` նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ վարչապետ Կարապետյանի թիմը վայելում է ժողովրդի լիարժեք վստահությունը։ Սարգսյանի խոսքով, նախարարների վերանշանակումը թույլ կտա ապահովել կառավարության գործունեության հետևողականությունն ու հնարավորություն կստեղծի բոլոր սկսած ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ ՀՀ նախագահը նաև նշեց, որ տնտեսական զարգացման հիմնական առաջնահերթություններն արտացոլված են կառավարության նոր 2017–2020 թթ.–ի ծրագրում։ Դրանց թվում են արտահանմանն ուղղված ձեռնարկություններին աջակցելը, ենթակառուցվածքի զարգացումը, օտարերկրյա ներդրումներին աջակցելը։
2. Ջրի սակագին, գազի սակագնի պահպանում
ՀԾԿՀ–ն տարվա վերջում որոշեց 2018 թ.–ի հունվարի 1–ից բարձրացնել ջրի սակագինը` մեկ խորանարդ մետրի դիամց 180 դրամից դարձնելով 191,414 դրամ։ Նման որոշում ընդունվեց «Veolia Jur» ընկերության («Veolia Generale des Eaux» ֆրանսիական ընկերության դուստր) ներկայացրած հայտի հիման վրա։ Ըստ արտոնագրի, ընկերության գործունեության երկրորդ տարում սակագների պետք է շտկվեին` կախված արժույթի փոխարժեքի, գնաճի, էլեկտրաէներգիայի սակագնի և սպառման բազիսային ծավալի փոփոխությունից։ Սկզբում ընկերությունն առաջարկում էր բարձրացնել սակագինը մինչև 194,3 դրամ։ Սակայն կարգավորիչը ջրամատակարարման, ջրահեռացման մանրածախ ծառայությունների սակագինը սահմանեց մեկ խորանարդ մետրի դիմաց 191,414 դրամ` ներկա 180 դրամի փոխարեն։
Միաժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2–ից կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը մտադիր է պահպանել ջրի գործող սակագինը 2018 թ.–ին, և սականգի բարձրացման դեպքում մտադիր է «Veolia Jur» ընկերության հետ համատեղ լուծումների գտնել մանրածախ սակագների պահպանման համար։
ՀՀ վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց սակագների փոփոխության պարագայում քսանօրյա ժամկետում աշխատել ընկերության հետ և որոշման նախագիծ ներկայացնել սակագնի պահպանման վերաբերյալ:
Ինչ վերաբերում է սպառողների համար գազի գնին, ապա այն հաջորդ տարի ևս չի փոխվի և կկազմի 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ 2018 թ.–ին գազի գինը Հայաստանի համար կբարձրանա։ Սակայն հոկտեմբերին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցի շրջանակում պայմանավորվածություն ձեռք բերվեց 2018 թ.–ին Հայաստանի համար գազի հատուկ գնի պահպանման շուրջ` երկրում տնտեսական և ներդրումային իրավիճակը բարելավելու նպատակով։ Ռուսական կողմի հետ կառավարության համապատասխան համաձայնագիրը ստորագրվեց նոյեմբերի վերջին։
3. «Մեղրի» ԱՏԳ–ի բացում
ՀՀ Սյունիքի մարզում տարեվերջին բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։ Գոտու կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն դոլար, որից 28 մլն դոլարը կապիտալ ծախսերն են։ Սա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջնահերթ ներդրումային ծրագրերից մեկն է։ Նախատեսվում է ընդլայնել ԱՏԳ գործունեությունը, ենթակառուցվածքները, 70 հետկարով ավելացնել
տարածքը՝ աստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես գործունեություն ծավալելու համար: Վերոնշյալ տարածքի շուրջ 50 հեկտարը կհատկացվի շահագործողներին՝ իրենց գործունեությունը կազմակերպելու համար, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները նախատեսված են գրասենյակային և այլ ծառայությունների համար։ Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղեր և կարտահանեն շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություններ։ Իրանի հետ սահմանակից տարածքում գործող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կամուրջ կհանդիսանա Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։ Նախատեսվում է, որ գոտում կգործի մոտ 100–120 ընկերություն, որոնցից ստացված հասույթը 10 տարում կկազմի 52 մլն դոլար։ Բոլոր ընկերությունների ընդհանուր ներդրումները 10 տարում նախատեսվում է հասցնել 350–400 մլն դոլարի։ ԱՏԳ–ի գործունեությունն արդեն ամրագրված է ԵՏՄ Մաքսային օրենսգրքով։ ԵՏՄ–ում duty-free համակարգով ընդհանուր առմամբ կգործի 7 նման գոտի։
4. Ներդրողների ակումբը և $1 մլրդ ներդրումները
Մարտի սկզբին Երևանում մեկնարկ տրվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հանրային պայմանագրային ներդրումային հիմնադրամի գործունեությանը: Ակումբի նպատակը ներքին և արտաքին մասնավոր ֆինանսավորման ներգրավումն է տնտեսության այնպիսի կարևոր ոլորտների զարգացմանն օժանդակելու համար, ինչպիսիք են` էներգետիկան, ներառյալ այլընտրանքայինը, էներգետիկ և զբոսաշրջային ենթակառուցվածքները, լեռնահանքային արդյունաբերությունը, հանքաքարերի վերամշակումը, սննդի և թեթև արդյունաբերությունը:
Ակումբի մասնակիցները գրանցել են $3,2 մլրդ-ի ծրագրեր` իրենց աղբյուրներով, կատարողներով, նախագծերով և բազմապատկիչ էֆեկտով: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, տարվա ընթացքում «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամը երկրում գործարկել է 250 մլն դոլար արժողության երկու ծրագիր: Ակումբը դիտարկում է մի քանի նախագծերի իրագործման հնարավորություն, սակայն առայժմ հաստատվել և իրականացվել է միայն երկու նածագիծ` «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը և կոշտ մետաղների վերամշակման գործարանի կառուցումը:
Ծրագրվում էր, որ «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամի ներդրումները 2017 թվականին կկազմեն 300 մլն դոլար: Դրանք կուղղվեն հիմնականում էներգետիկայի ոլորտ, լեռնահանքային բնագավառ և վերամշակող արդյունաբերություն: Միաժամանակ ներդրողների ակումբի նախաձեռնողներից մեկի` «Տաշիր» ԸԽ-ի ներդրումները «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում կկազմեն 900 մլն դոլար և կօգտագործման տեխնիկական վերազինման, սարքավորումների փոխարինման, ինչպես նաև էլեկտրամատակարարման խափանումների խնդիրները լուծելու համար:
5. Ռեկորդային պետական պարտք
Հայաստանի պետական պարտքի անվանական ծավալը, 2017 թվականի պետբյուջեի համաձայն, ակնկալվում է 6,245 մլրդ դոլարի մակարդակում` 2016 թվականի 5,849 մլրդ դոլարի դիմաց:
Միաժամանակ, Հայաստանի ընդհանուր պետպարտքը ՀՆԱ-ի նկատմամբ ընթացիկ տարվա արդյունքներով կանխատեսվում է 55.4 տոկոսի չափով` մնալով ընդունելի մակարդակում:
Այսպիսով, Հայաստանը դեռևս համարվում է պետպարտքի ընդունելի մակարդակով երկիր: Միաժամանակ իշխանությունները ծրագրում են, որ 2018 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ պետպարտքը կկրճատվի 1 տոկոսով:
Հարկ է նշել, որ դեկտեմբերին հայկական խորհրդարանը լրացումներ է ընդունել «Բյուջետային համակարգի մասին», «Պետական պարտքերի մասին» օրենքներում, որոնք նախատեսում են ֆիսկալային կանոնների նոր համակարգ: Լրացումներով նախատեսված է պետպարտքի երեք շեմ` 40%, 50% և 60%:
6. Առաջին խոշոր հելիոկայանի կառուցումը և հայկական ԱԷԿ-ը
Հայաստանը շեշտը դրել է այլընտրանքային էներգետիկայի զարգացման վրա և 2017 թվականին գործարկել է արևային էներգետիկայի ոլորտի խոշորագույն նախագծերից մեկը` «Թալին-1» հելիոկայանը` 1 ՄՎտ հզորությամբ: Այն գտնվում է Արագածոտնի Թալին քաղաքում:
Հայաստանում «ԱրևԷկ» առաջին հելիոկայանը գործարկվել է Ծաղկաձորում «ԷներգոԻնվեստՀոլդինգ» ՓԲԸ-ի կողմից, որը «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում է: 0.5 ՄՎտ հզորության արևային կայանի կառուցումն արժեցել է մոտ 500 հազար դոլար:
Մինչև տարեվերջ Հայաստանում ծրագրվում է գործարկել յոթ նոր հելիոկայաններ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում: Մեկ կայանի ներդրումային արժեքը մեկ միլիոն դոլար է: Նոր կայանների գործարկումը կնշանավորի ծրագրի առաջին փուլի ավարտը:
Չնայած այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը` Հայաստանը մտադիր չէ հրաժարվել ատոմային էներգետիկայից: Ինչպես Ատոմային անվտանգության խորհրդի 15-րդ նիստում հայտնեց նախագահ Սարգսյանը, էլեկտրաէներգիայի բազային արտադրման կառուցվածքում ԱԷԿ-ը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտագության անհրաժեշտ մակարդակը:
Նրա խոսքով, կառավարության երկարաժամկետ ծրագիրը նախատեսում է ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման ժամկետների երկարացում մինչև 2027 թվականը, իսկ հետագայում` նոր ատոմային բլոկերի փուլային շահագործում: ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ֆինանսավորումը կիրականացվի 270 մլն դոլարի ռուսական պետական արտահանողական վարկի և 30 մլն դոլարի վարկի հաշվին: Ներկայում «Ռոսատոմ» պետկորպորացիայի հետ համատեղ շարունակվում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրագործման աշխատանքները:
7. Մակրոտնտեսական ցուցանիշներ
Հայաստանի ՀՆԱ-ի սպասված աճը 2017 թվականի արդյունքներով կկազմի չորս տոկոսից ոչ պակաս, այն դեպքում, երբ պետբյուջեով այն նախատեսված է 3,2 տոկոսի չափով։ Նման ցուցանիշը կլինի ամենաբարձրը վերջին 4 տարվա ընթացքում։ Տարվա կտրվածքով տնտեսության աճի բարձր տեմպը հիմնականում պայմանավորված էր ներքին պահանջարկի վերականգնմամբ Ռուսաստանից եկող տրանսֆերների վերականգնման, դեֆլյացիոն ֆոնի չեզոքացման ու անցած տարվա ցածր բազայի ֆոնին: Այսպես, 2016 թվականին գնանկումը կազմել էր 1,4 տոկոս, իսկ 2017 թ․-ի հունվար-նոյեմբերին՝ 0,8 տոկոս։ 11 ամիսների արդյունքներով տնտեսության ակտիվությունը սահմանող հիմնական ցուցանիշների թվում երկնիշ աճ են արձանագրել արդյունաբերության (12,4 տոկոսով), առևտրի (12,8 տոկոս) և ծառայությունների (13,9 տոկոս) ոլորտները։ Ֆինանսների նախարարության գնահատմամբ, տնտեսության զարգացման բոլոր հնարավոր սցենարները ցույց են տալիս, որ Հայաստանում նվազագույն տնտեսական աճը տարվա արդյունքներով կարող է կազմել 3,9-4 տոկոս, իսկ ավելի դրական կանխատեսումների դեպքում՝ 4,3 տոկոս։
8. Նոր բյուջե
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագիծը: 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ, ծախսերը՝ 1 տրիլիոն 307 մլրդ դրամ։
Պակասուրդը պահպանվել է 156, 9 մլրդ դրամ չոփով: Ըստ 2018 թվականի պետբյուջեի նախագծի` տնտեսության աճը կկազմի 4,5 տոկոս, իսկ գնաճը նախատեսված է 4% (±1,5%) չափով։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով, 2018 թ.-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորները ներկայացրել են 111 առաջարկ, որոնցից մեծ մասն ընդունվել է, ինչը հանգեցրել է բյուջեի ծախսային մասի ավելացմանը` 15 մլրդ դրամով: Մասնավորապես, 1 մլրդ դրամով ավելացել են պաշտպանության ծախսերը, 1,7 մլրդ դրամով՝ կառավարության աշխատակազմի ծախսերը, 4 մլրդ դրամով՝ առողջապահության ծախսերը, նույնքանով կավելանա նաև կառավարոթյան պահուստային ֆոնդը: Բացի դրանից, 1289 մլրդ դրամ կհատկացվի Ջրային տնտեսության պետական կոմիտեին` «Veolia Jur» ընկերությանը վճարումներ անելու համար: Լրացումների դեպքում հաշվի է առնվում նաև ազգային արժույթի փոխարժեքի շտկումը, ինչը ծախսերի մասով հանգեցրել է 1,5 մլրդ դրամի փոփոխության: Վարչապետ Կարեն Կարապետյանի գնահատմամբ, 2018 թ.-ի պետբյուջեն հիմք կհանդիսանա հետագա տնտեսական աճի համար, չնայած որ նախատեսված չէ թոշակների ու աշխատավարձների բարձրացում, սակայն 2017 թվականի համեմատ` առաջին անգամն է, որ կրկնակի ավելացել են կապիտալ ծախսերը:
9. «ՌԻՈ» առևտրային կենտրոնի բացում
Երևանում բացվել է 21 հազար քմ մակերեսով «ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնը: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ, համալիրում ներկայացված կլինեն ավելի քան 100 վարձակալ՝ ռուսական և միջազգայն բրենդների, ինչպես նաև տեղի օպերատորներ: Կենտրոնում ներկայացված բրենդները ու զվարճանքը կապահովի օրական մինջև 12 հազար հաճախորդ: Որպես «ՌԻՈ»-ի խարիսխային վարձակալներ են հանդես գալիս Սինեմա Սթար կինոթատրոնը և Play Lab մանկական զվարճանքների կենտրոնը: Նախագծի զվարճանքի մասը կհամալրեն ֆուդքորտը, սրճարանները ու ռեստորանները:
ՌԻՈ-ում կգործի եզակի էկզոտարիում` հազվագյուտ կենդանիներով: Էկզոտարիումի ընդհանուր մակերեսը կազմում է 600 քառ.մ., որտեղ ներկայացված են մոտ 60 կենդանիների տեսակներ` ընձառյուծակատուներ, կենգուրու, կրիաներ և այլն:
10. Երևանյան զիփլայն
Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Գրին սմայլ» ընկերության կողմից իրականացվող ծրագրով «Արաբկիր» զբոսայգում կառուցվել է 80 մլն արժողությամբ զիփլայն, որն ամենաերկարն է տարածաշրջանում: Մինչ ծրագրի ավարտը նախատեսվում է կատարել ևս 45-50 մլն դրամի ներդրում: Զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից դեպի Աջափնյակ վարչական շրջան՝ շուրջ 870 մ, և Աջափնյակից Արաբկիր՝ 650 մ: Զիփլայնի բարձրությունը 87 մետր է, դրա մի հատվածն էլ անցնում է Դավթաշենի կամրջի տակով: Զբոսայգում նախատեսվում է ունենալ նաև ժայռագնացության, լեռնային հեծանիվների, յոգայի համար նախատեսված հատվածներ, գրադարան, բացօթյա կինոթատրոն և նկարչության համար նախատեսված հատուկ վայրեր: Նախագիծն ամբողջությամբ կավարտվի 2018 թ.–ի վերջին։-0-