Հայաստանը պատրաստ է օտարերկրյա ուղղակի ներդրումների.IFC Հայաստանի «Տնտեսական աճը» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյան
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հետաքրքրական է, որ Հայաստանը որպես երկիր ունի երկու հակասական կողմ: Երկրի լեռները կանգնած են բարձր և ամուր, սակայն նրանք պակաս խոցելի չեն վարարումների, սողանքների, երաշտների և անտառային հրդեհների նկատմամբ` ընդգծելով այն հանգամանքը, որ փոփոխությունը հարատև է: Այդուհանդերձ, կարևոր է փոփոխության նկատմամբ դիմակայուն լինելը:
Այս համատեքստում ՔՈՎԻԴ-19 համավարակը կտրուկ փոխել է ներդրումային լանդշաֆտը ողջ աշխարհում: Դա հատկապես խնդրահարույց էր Հայաստանի համար, որտեղ 2008 թվականից ի վեր օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ներգրավումն արդեն իսկ դժվարացել էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի, Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի տնտեսության անկման, և օրենսդրական ու ինստիտուցիոնալ դաշտի խնդիրների հետևանքով: Համավարակը, ինչպես տեսանք, էլ ավելի բացասաբար անդրադարձավ թե՛ օտարերկրյա և թե՛ տեղացի ներդրողների վրա:
Միևնույն ժամանակ, չնայած աննախադեպ խոչընդոտներին, ճգնաժամը բացառիկ հնարավորություն է ընձեռում Հայաստանի նման տնտեսություններին` վերաիմաստավորելու և վերադասավորելու իր առաջնահերթությունները` կենսունակ ճանապարհային քարտեզ ձևավորելու համար:
Մենք Միջազգային ֆինանսական կորպորացիայում (IFC) հավատացած ենք, որ ներդրումների թիրախային խրախուսման և միջոցառումների միջոցով ՕՈՒՆ ներգրավումը շատ կարևոր է լինելու Հայաստանում ներդրողների վստահությունը բարձրացնելու համար: Այդ նպատակով կենսական նշանակություն ունի ՕՈՒՆ ներգրավելու և պահպանելու պետության ունակությունը բարձրացնելը: Ավելին, շարունակական բարեփոխումներն առանցքային են լինելու մասնավոր հատվածի աճի համար նոր հնարավորություններ ապահովելու իմաստով:
Նպաստավոր բիզնես միջավայրն առանցքային կարևորություն ունի ներդրումները խրախուսելու և տնտեսական աճը խթանելու գործում: Այդ իմաստով հիմնաքարը դրվել է 2019 թվականին, երբ ՀՀ կառավարությունը դիմեց IFC-ին` ներդրումների խթանման նոր ազգային կառույց ստեղծելու և դրա կարողությունները զարգացնելու գործում օժանդակելու համար:
Հիմնվելով իր համաշխարհային փրոձի վրա` IFC-ն օգնեց 2019 թ. դեկտեմբերին հիմնադրել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը: IFC Հայաստանի «Տնտեսական աճը» ծրագիրը, որն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ, նպատակ ունի գործակալությանն աջակցել օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և պահպանելու գործում:
Ի սկզբանե, «Էնթերփրայզ Արմենիայի» ներդրումները խթանելու կարողությունները զարգացնելու համար մենք աշխատեցինք հինգ ուղղություններով: Նախ` մենք իրականացրեցինք գործակալության կարիքների ելակետային ինստիտուցիոնալ գնահատում` թե՛ կորոնավիրուսային համավարակի, և թե՛ վերականգնման փուլում գործունեություն ծավալելու իմաստով: Այնուհետև, հիմք ընդունելով աշխարհի լավագույն փորձը, IFC-ն օգնեց մշակել «Էնթերփրայզ Արմենիայի» նոր կանոնադրությունը, որտեղ ամրագրված է կառույցի մանդատը և խնդիրները ու սահմանված է իրավակազմակերպական կառուցվածքը:
Երրորդ` մենք կազմեցինք կարողությունների զարգացման ճանապարհային քարտեզ, որը ենթադրում է համակարգված պլանի մշակում` հմուտ աշխատուժ ներգրավելու համար, որն ունակ կլինի սպասարկել թե՛ օտարերկրյա և թե՛ տեղական ներդրողներին: Չորրորդ` մենք ձևավորեցինք հետներդրումային սպասարկման պլան, որպեսզի աջակցենք օտարերկրյա ներդրողներին և օգնենք նրանց հարմարվել նոր տնտեսական միջավայրին: Եվ վերջիվերջո, մենք կատարեցինք ոլորտային ուսումնասիրություններ և մշակեցինք արժեքային առաջարկներ, որպեսզի աջակցենք տնտեսության մի քանի մրցունակ ենթաոլորտներում ներդրողներին ուղղված իրազեկման ծրագրերին:
2021 թ. մարտից «Էնթերփրայզ Արմենիան» ՕՈւՆ-ի մասով տրամադրել է հետներդրումային սպասարկման ծառայություններ, ինչը Հայաստանում առաջին անգամ էր արվում: Շատ երկրներում օտարերկրյա ներդրողի կողմից վերաներդրումներն են համարվում նոր ՕՈՒՆ-ի մեծ աղբյուր, իսկ հետներդրումային սպասարկումը ողջ աշխարհում հանդիսանում է ներդրումների մակարդակը բարձրացնելու առանցքային մեխանիզմ: Բացի ՕՈՒՆ ներգրավելուց` հետներդրումային սպասարկման ծառայությունների լիարժեք գործարկումը կարող է օգնել աշխատատեղեր ստեղծել և մեծացնել ազգային տնտեսությունը:
Լևոն Օհանեսյանը` «Էնթերփրայզ Արմենիայի» գործադիր տնօրենը, հայտնել է, որ հետներդրումային սպասարկումը սկսելուց ի վեր գործակալության աշխատակազմն աշխատել է մոտ 80 օտարերկրյա ներդրողների հետ, և նախատեսում են մինչև 2021 թվականի ավարտը սպասարկել ավելի քան 100 ներդրողի:
2020 թվականի սկզբից գործակալությունն աշխատել է կորոնավիրուսային ճգնաժամին արձագանքման ռեժիմում` աջակցելով ներդրողներին: Թեև մենք գործակալությանը խորհուրդ ենք տվել, թե ինչպես օգնեն ներդրողներին դիմանալ ճգնաժամի ժամանակավոր դժվարությունների պայմաններում, «Էնթերփրայզ Արմենիան» անցած տարվա ընթացքում արժեքավոր ռեսուրս և խորհրդատվություն է տրամադրել ավելի քան 600 գործարարի և ներդրողի:
Այժմ, երբ նախատեսվում են մի շարք ներդրումային ծրագրեր, «Էնթերփրայզ Արմենիան» մատուցում է ծառայությունների լայն ընտրանի, այդ թվում` հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ աշխատանք արտերկրի թիրախային շուկաներում, ինչը կարող է ավելի շատ ներդրումներ գրավել:
Լայն իմաստով, ըստ տնտեսական ոլորտների վերլուծության արդյունքների, Հայաստանում ՕՈՒՆ համար խոստումնալից ոլորտներից են տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաները, առողջապահությունը` դեղագործության ուղղվածությամբ, և ագրոբիզնեսը: Ներկա պահին Հայաստանում ՕՈՒՆ մակարդակը 499 միլիոն է, իսկ հետագայի համար գործակալության նպատակն է նպաստել մասնավոր հատվածի զարգացմանն` օգնելով ձևավորել ավելի կայացած և ավելի հասցեական պետական աջակցության ծառայություններ ներդրողների համար: Սա կօգնի ավելի լավ շուկա ստեղծել ներդրումների համար` արագացնելով երկրի տնտեսության վերականգնման գործընթացը:
Մինչ այդ` Հայաստանը, իր հիասքանչ լեռների պես, պատրաստ է իր ճանապարհին կատարել ցանկացած փոփոխություն և դուրս գալ այդ փոփոխությունից` ավելի դիմակայուն դարձած:
IFC Հայաստանի «Տնտեսական աճը» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:15 19.10.2021