Ի՞նչ է տեղի ունենում ԶՊՄԿ–ի բաժնետերերի հետ․ «ԱՌԿԱ» գործակալությունը պարզաբանում է իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) նախօրեին մամուլում հայտարարություն էր տարածել բաժնետիրական կազմի փոփոխության մասին։
Ըստ հաղորդագրության, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, ով այս տարվա նոյեմբերի 3–ից ներառվել է ամերիկյան պատժամիջոցների ցանկում, այս տարվա հոկտեմբերի 27-ից այլևս չի հանդիսանում իրական շահառու։
Ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասը նա օտարել է։
Ինչպես հայտնել են ԶՊՄԿ–ից, ներկայում պարոն Տրոցենկոյի և ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ։ Նշվում է, որ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուներն ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում, և ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց:
ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, ԶՊՄԿ բաժնետերերի ցանկում ներառված է Սվետլանա Երշովան՝ 47,6% բաժնետոմսերով։
Ինչպես գրում է panorama.am–ը, ուշագրավ է, որ պատժամիջոցների տակ գտնվող Գլեբ Տրոցենկոյին փոխարինում են Սվետլանա Երշովայով, որը հնարավոր է հենց վաղը հայտնվի պատժամիջոցների տակ։
Մամուլում հայտնված հրապարակումների համաձայն, նախկինում Երշովան AEON կորպորացիայի փոխնախագահն էր։ Կորպորացիայի սեփականատերը Ռոման Տրոցենկոն է։ Ավելի ուշ Երշովան Տրոցենկոյի անվան հետ կապվող «Պրոֆի» ընկերության 99.01 տոկոսի բաժնետերն է դառնում, այս ընկերությունը ՌԴ մի քանի քաղաքներում օդանավակայաններ է շահագործում։
Pastinfo–ն իր հերթին նշում է, որ տպավորություն է ստեղծվում, որ նոր շահառուն դրածո է, որի միջոցով Տրոցենկոն մտադիր է խուսանավել ամերիկյան պատժամիջոցներից։
«Ակնհայտ է, որ սա արվել է ամերիկացիների համար՝ թերևս փորձելով մոլորեցնել պետքարտուղարությանը։ Մինչդեռ, հիշեցնենք, պետքարտողարությունը զգուշացրել է, որ պատժամիջոցները տարածվելու են նաև Տրոցենկոների կողմից օգտագործվող ներդրումային գործիքների վրա», – գրում է Pastinfo–ն։
Tert.am–ի հարցմանն ի պատասխան՝ ԶՊՄԿ–ից հայտնել են, որ Սվետլանա Երշովան ԶՊՄԿ բաժնեմասերը ձեռք է բերել օրինակ ճանապարհով՝ առանց պատժամիջոցների ցուցակները շրջանցելու փորձ անելու, այսինքն՝ ամերիկյան իշխանությունը չի արգելել վաճառելու կոմբինատի բաժնեմասերը։
Panorama.am–ն իր հերթին հարցադրում է անում, թե հետաքրքիր է՝ նման քայլերով ո՞ւմ է ցանկանում մոլորեցնել ԶՊՄԿ-ն՝ Հայաստանի կառավարությա՞նը, թե՞ Պետքարտուղարությանը։ Բացառված չէ, որ կատարվածն արդեն կարող է գնահատվել պատժամիջոցների շրջանցման փորձ։
Pastinfo–ն էլ իր հերթին նշում է, որ ԶՄՊԿ-ն ՀՀ թիվ մեկ հարկատուն է, իսկ հիմնական սեփականատիրոջ ամերիյակն սև ցուցակում հայտնվելը ենթադրում է, որ երկրում լուրջ խնդիրներ կլինեն արտարժույթի շուկայում, քանզի հանքահումքային արտադրանքի արտահանումն ապահովում է հայկական արտահանման 35 տոկոսը։ Սա էլ, բնականաբար, իր բացասական հետևանքներն է ունենալու ամբողջ տնտեսության վրա։
ԶՊՄԿ-ն առաջատարն է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում. վճարումները պետբյուջե 9 ամիսների ընթացքում կազմել են գրեթե 52,4 մլրդ դրամ։ Ինչպես այս տարվա հուլիսին հայտարարել է ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն և GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին, կոմբինատը մեծ հավակնություններ ունի հասնելու ոլորտի աշխարհի առաջատար ընկերությունների մակարդակին։
ԶՊՄԿ–ն գտնվում է Սյունիքի մարզում, որը սահմանակից է Իրանին և Ադրբեջանին: Կոմբինատը, որը Հայաստանի խոշորագույն ընկերություններից է, շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի հանքաքարով ապահովվածությունը կազմում է մոտ 150 տարի։ ԶՊՄԿ-ի բաժնետերերից ՀՀ կառավարության մասնաբաժինը կազմում է 21,875%:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:31 24.11.2023