ՕՈՒՆ` ճիշտ դեղատոմս Հայաստանի դեղագործության ոլորտի համար

ՕՈՒՆ` ճիշտ դեղատոմս Հայաստանի դեղագործության ոլորտի համար

IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտե

IFC Հայաստանի «Տնտեսական աճը» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. ՔՈՎԻԴ -19-ր փոխեց աշխարհը՝ դուրս բերելով մեզ մեր ինքնաբավ վիճակից և ստիպելով մտածել մեր հաջորդ քայլերի մասին: Իր բացասական ազդեցությամբ սկսած աշխատատեղերից ու բիզնեսներից մինչև ճամփորդության և տուրիզմի վրա, այն շարունակում է տակնուվրա անել մեր կյանքը: Մինչ փորձում ենք հասկանալ մեր կյանքի թերևս ամենազգալի առողջապահական ճգնաժամի հսկայական հետևանքները, պարզից էլ պարզ է մեկ բան` հետագա դիմացկունության համար անհրաժեշտ են վստահելի առողջապահության համակարգեր: 

Ողջ աշխարհում համավարակը ծանրաբեռնել է առողջապահական համակարգերը շատ ավելի, քան դրանց կարողություններն են: Հայաստանը բացառություն չէ: Նման իրավիճակում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ-ներ) կարող են երկրի համար դառնալ առողջապահական, հատկապես դեղագործության ոլորտը, վերակենդանացնելու հնարավորություն: Դեղագործության ոլորտում ՕՈՒՆ-ների ներգրավումը կատալիզատորի դեր կունենա Հայաստանի տնտեսությունը խթանելու համար՝ նպաստելով կայուն վերականգնմանը և ապահովելով առողջապահական ծառայությունների ավելի լավ հասանելիություն մարդկանց համար: 

ՕՈՒՆ-ները կարող են դառնալ պոտենցիալ վերափոխող ուժ` հանդիսանալով աղբյուր կապիտալի, աշխատատեղերի, հմտությունների, նորարարությունների և գլոբալ շուկայի մասին գիտելիքի համար: Հաշվի առնելով համավարակի պատճառով Հայաստանի աղոջապահության ոլորտում առաջացած լարվածությունը, դրանք հետագայում թույլ կտան երկրին արդիականացնել արտադրական գործելակարգերը, խթանել նորարարությունները և բարելավել մարդկանց կյանքը: 

Լավ նորությունն այն է, որ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ IFC Հայաստանի «Տնտեսական աճը» ծրագրի կողմից պատրաստված ուսումնասիրության մեջ արդեն իսկ առանձնացված են երկու` պայմանագրային հետազոտական աշխատանքների (ՊՀԿ) և արտադրության արտապատվիրման աշխատանքների (ԱԱՊ) ենթաոլորտները, որոնք ունեն առավելագույն ներուժ ՕՈՒՆ-ների համար: Առաջինում ներառված են հետազոտական ծառայությունները դեղագործական ընկերությունների համար, իսկ երկրորդը`դեղերի կամ դեղերի բաղադրատարրերի արտադրությունն է գլոբալ դեղագործական ընկերությունների համար: 

2018 թվականին գլոբալ ՊՀԿ ծառայությունների արժեքը գնահատվում էր 37 միլիարդ ԱՄՆ դոլար: Կանխատեսվել է 2018- 2024 թվականների ընթացքում շուկայի տարեկան համախառն աճի տեմպը հասցնել 8.2 տոկոսի: ՊՀԿ ծառայությունների աճի պոտենցիալից բացի, ենթաոլորտներն իդեալական են մի քանի պատճառներով: Պոտենցիալ ՕՈՒՆ համար դրանցում բացակայում են կապիտալ ներդրումների հետ կապված մեծ ռիսկերը, դրանք միտված են արտահանմանը, մրցունակ են գլոբալ մակարդակում և ներկայացնում են գրավիչ առաջարկներ օտարերկրյա ներդորղներին: 

Այդուհանդերձ, հաշվետվության մեջ նշվում է, որ նոր ՕՈՒՆ ներգրավելու համար չափազանց կարևոր է բարելավված գործարար միջավայրի առկայությունը` բարեփոխումների և աջակցող քաղաքականության հետ միասին: Օրինակ` կարգավորման դաշտի բարելավումը և համապատասխանեցումը գլոբալ չափանիշներին կարող է մեծացնել միջազգային շուկաների հասանելիությունը Հայաստանի համար՝ օտարերկրյա ներդրողներին ընձեռելով իրենց միջոցները նշված ոլորտում ներդնելու հնարավորություն: 

Ի լրումն, արդյունավետ ապահովագրությունը և բժշկական ապահովագրության ծածկույթը, որը կրճատում է սեփական գրպանից կատարվող ծախսերը, էական նշանակություն ունեն ոլորտն ՕՈՒՆ համար գրավիչ դարձնելու հարցում: Որպես նախապայման, առողջապահական ծառայությունների հասանելիությունը թույլ կտա մասնավոր հատվածին դիտարկել տեղական շուկայում ներդրում կատարելու պոտենցիալ հնարավարությունները, որոնք նաև ունեն առողջապահության ապահովագրական համակարգ: 

Սա կարևոր է, հաշվի առնելով այն, որ 2014-2017 թվականներին Հայաստանում դեղագործության ոլորտում ՕՈՒՆ ներհոսքերը կազմել են ոչ ավելի, քան ընդհանուր կապիտալ ՕՈՒՆ ներհոսքերի 2 տոկոսը (14 միլիոն ԱՄՆ դոլար): 

Ներդրողների կողմից ներդրումային վայրի ընտրության հարցում հաշվետվության մեջ խորհուրդ է տրվում նրանց առաջարկել նաև խթաններ, պրոակտիվ կերպով իրազեկել ու համոզել նրանց անհատական գործարար առաջարկների միջոցով: Դա կարևոր է, քանի որ ընկերությունները, որոնք ձգտում են ընդլայնվել միջազգային մակարդակում, որոշում կայացնելուց առաջ հաճախ համեմատում են մի քանի հնարավոր վայրեր: Սովորաբար նրանց ընտրությունը, ի թիվս այլնի, հիմնված է այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են շուկաների հասանելիությունը, գործառնական ծախսերը, ռիսկերի գործոնը և կյանքի որակը: Ուստի, Հայաստանը հավանաբար լինելու է այդ ցանկում: Այս առումով խիստ կարևոր է համապատասխան տեղեկությունների հասանելիությունը ներդրողների համար: 

Մտահոգող մեկ այլ հարց է աշխատուժի առկայությունը` վայրի ընտրության խիստ կարևոր չափանիշ: Առանցքային նշանակություն կունենա մասնավոր հատվածի կարիքներին ուղղված դինամիկ կրթական համակարգը: Լավ սկիզբ կարող է լինել դեղագործության և կյանքի մասին գիտությունների ոլորտներում համալսարանական հավաստագրումը, մասնավոր հատվածում պարտադիր կրթաթոշակները և պրակտիկան` ոլորտի փորձին ծանոթանալու համար: 

Հաշվետվության համաձայն արժեքավոր ռեսուրս է հայկական սփյուռքը: Հավանաբար սփյուռքից ուղարկվող մեկնարկային կապիտալով ոլորտում արդեն իսկ իրականացվում են ներդրումային ծրագրեր: Ձեռներեցների, ինչպես նաև ամբողջ աշխարհով սփռված հայ հովանավորղների հետ միասին, դեղագործության կամ առողջապահության հարցերով մասնագետները կարող են օգնել` ներկայացնելով պատկերացումներ ՕՈՒՆ համար մրցունակությունը գլոբալ մակարդակում բարձրացնելու մասին: 

Քանի որ Հայաստանն ուշադրություն է դարձնում դեղագործության ոլորտին, IFC-ն կշարունակի խորհուրդներն ու աջակցությունը կառավարության ներդրումների խթանման ջանքերին` ինչպես նախքան ներդորւմները, այնպես էլ ներդրումներին հաջորդող գործընթացներում: IFC-ն նաև կօգնի կատարելու ուսումնասիրություններ` արտահանման շուկաների պոտենցիալը հասկանալու և նոր արտահանման շուկաներում տեղական դեղագործական ընկերությունների մուտքն աջակցելու համար: 

IFC-ն արդեն նախաձեռնել է երկխոսություն Հայաստանի պետական և մասնավոր հատվածների` ներառյալ դեղ արտադրողների միջև: Դրա արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այժմ` IFC-ի աջակցությամբ, աշխատելու է ոլորտի ռազմավարության վրա: 

ՕՈՒՆ վերաբերյալ ոլորտային ուսումնասիրությունը հետագայում կօգնի Հայաստանին դիմակայելու մարտահրավերներին և իրականացնելու բարեփոխումներ օտարերկրյա ներդրողների մոտ վստահություն ներշնչելու համար: Ամենակարևորը, այն թույլ կտա երկրին մշակել իրատեսական ճանապարհային քարտեզ՝ կանխելու տնտեսությանը և ժողովրդին սպառնացող ցանկացած ցնցում ապագայում:

Ուսումնասիրությունը կատարվել է IFC Հայաստանի «Տնտեսական աճը» ծրագրի կողմից` ՄԹ-ի կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ: «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի դեղերի և առողջապահության ոլորտում» հաշվետվության ամբողջական տեքստը տես` այստեղ: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:24 15.04.2022




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×