Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երկրների ղեկավարների XVII գագաթնաժողովը
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) երկրների ղեկավարների XVII գագաթնաժողովը։
Գագաթնաժողովը Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի շաբաթվա առանցքային միջոցառումն է։
Ինչպես է անցնում Ֆրանկոֆոնիայի շաբաթը
Միջոցառումները մեկնարկել են հոկտեմբերի 7–ին։ Այդ օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ) անցկացվեց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105–րդ նստաշրջանը։ Հոկտեմբերի 8–9–ը ՄՀՀ–ում կազմակերպվեց Ֆրանկոֆոնիայի 35–րդ նախարարական երկօրյա համաժողովը, որի շրջանակում նախարարները քննարկեցին համատեղ հայտարարության տեքստը, որը կընդունվի ՖՄԿ–ի գագաթնաժողովի արդյունքում։ Հոկտեմբերի 9–ին Երևանի կենտրոնում տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիայի ավանի» բացման պաշտոնական արարողությունը։ Ազատության հրապարակում մինչև շաբաթվա վերջ կգործեն 40 մասնագիտացված տաղավարներ, որտեղ կարելի է ծանոթանալ ՖՄԿ 20 անդամ երկրների մշակույթի հետ։ Հոկտեմբերի 9–ին և 10–ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց հայ–ֆրանսիական գործարար ֆորումը։ Միջոցառմանը մասնակցում էր շուրջ 360 ձեռներեց, այդ թվում` համացանցի «հայրերից» մեկը` Լուի Պուզենը, ինչպես նաև Սոֆիա ռոբոտը, որը միակն է, ով ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է մարդ և ունի քաղաքացիություն։
ՖՄԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը
ՄՀՀ–ում հոկտեմբերի 11–12–ին անցկացվող գագաթնաժողովին կմասնակցի ՖՄԿ–ում ներառված երկրների 83 ներկայացուցիչ, ինչպես նաև այդ միջազգային կառույցի գործընկերներն ու դիտորդները։
Ակնկալվում է, որ ՖՄԿ–ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ավելի քան 40 պետությունների ղեկավարներ` նախագահների, կառավարության ղեկավարների և նախարարների մակարդակում։ Գագաթնաժողովին, մասնավորապես, կմասնակցեն 26 պետությունների ղեկավարներ, 2 փոխնախագահ, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ, այդ թվում` Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մոնակոյի իշխան Ալբերտ II–ը։ Գագաթնաժողովին, գործարար ֆորումին և մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել ֆրանկալեզու երկրների ավելի քան 3500 ներկայացուցիչ։ Լիագումար նիստի ընթացքում նախագահությունը ՖՄԿ–ում Մադագասկարից կփոխանցվի Հայաստանին, որը կամրագրվի մեր երկրի կողմից մինչև 2020 թ.–ը։ Կկազմակերպվեն նաև փակ նիստեր, որոնց շրջանակում ՖՄԿ–ի լիիրավ անդամները կքննարկեն միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
Ֆրանկոֆոնիայի օրերի կուլմինացիան կդառնա հոկտեմբերի 11–ին Հանրապետության Հրապարակում նախատեսված գալա–համերգը, որին մասնակցելու են աշխարհահռչակ երգչուհիներ ZAZ–ը, Մելոդի Գարդոն, Անժելիկ Կիջոն, ինչպես նաև DJ Folamour–ը։ Գալա–համերգի եզրափակիչ մասը նվիրված է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին, որը մահացել է հոկտեմբերի 1–ի գիշերը Ֆրանսիայում։–0–