Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ նախագահ. մեր քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան ԵՏՄ–ին անդամակցելու դրական ազդեցությունը

10.04.2015, 11:23
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ երկրի քաղաքացիները որոշակի ժամանակ հետո իսկապես կզգան ԵՏՄ–ին անդամակցելու դրական ազդեցությունը ։
ՀՀ նախագահ. մեր քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան ԵՏՄ–ին անդամակցելու դրական ազդեցությունը
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ երկրի քաղաքացիները որոշակի ժամանակ հետո իսկապես կզգան ԵՏՄ–ին անդամակցելու դրական ազդեցությունը ։

«Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ նախագահը հայտարարել է, որ վաղ է խոսել դրա մասին, քանի որ ԵՏՄ–ին երկրի անդամակցելուց հետո անցել է ընդամենը երեք ամիս, և դեռ դժվար է եզրակացություններ անել։

«Սակայն ես արդեն ասել եմ, որ մեր ձեռներեցները հնարավորություն են ստանում ազատվել մաքսային–սակագնային, ոչ սակագնային արգելքներից, և սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման դեպքում ծախսերը պարզապես չնչին են դառնում», – ասել է նախագահը։ Նրա խոսքերով` դա կավելացնի հայ ձեռներեցների մրցունակությունը, թույլ կտա նրանց ավելի շատ զբաղվել առուվաճառքով, գումար վաստակել, ստեղծել ավելի շատ աշխատատեղեր։

«Երկրորդը, մեր քաղաքացիները հնարավորություն են ստացել գրեթե առանց խոչընդոտի աշխատել Ռուսաստանում և ԵՏՄ այլ երկրներում, իսկ դա նշանակում է լրացուցիչ խթան սեփական ընտանիքի բարեկեցության ապահովման գործում», – ասել է Սարգսյանը։ Նրա խոսքերով` էական գործոն է նաև դեռև նախորդ տարի էներգակիրների համար տրամադրված զեղչերը։

Ընդհանուր սահմանների բացակայությունը խնդիր չէ

ՀՀ նախագահն ընդգծել է նաև, որ ԵՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը էական խնդիր չէ։ «Սկզբում, իրականում, այնպիսի կարծիք կար, թե ընդհանուր սահմանի բացակայությունը կարող է անհաղթահարելի խոչընդոտ դառնալ, սակայն հետո մասնագետների մի մեծ խումբ, աշխատելով, եկավ այն եզրակացության, որ դա այդքան էլ մեծ խնդիր չէ։ Ճիշտ է` մեր ձեռներեցները ստիպված կլինեն լրացնել տարանցիկ հայտագրեր հարևան երկրների տարածքով ապրանք տեղափոխելու համար, սակայն ես կարծում եմ, որ դրանք այն ծախսերը չեն, որ կարող են էապես ազդել ապրանքի ինքնարժեքի կամ բիզնեսի շահութաբերության վրա», – ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով` ԵՏՄ–ն միայն առևտուր չէ։ Միությունը հիմնվում է չորս սկզունքների վրա` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ «21–րդ դարի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս առանց որևէ ջանքի օգտվել այդ ազատություններից», – ասել է Սարգսյանը։

Նախագահը կարծում է, որ Հայաստանի փորձն ապագայում կարող է պետքական լինել ԵՏՄ–ին այլ երկրների անդամակցության դեպքում, որոնք չունեն Միության հետ սահմաններ։

Նրա խոսքերով` ինչպես հայկական, այնպես էլ ռուսական, ղազախական և բելառուսական կողմերը պետք է ըմբռնումով վերաբերվեն այդ հարաբերությունների կայացման սկզբնական փուլին։ «Փոփոխությունները հսկայական են, և հարկավոր է որոշակի ժամանակ, որպեսզի բիզնեսը հարմարվի։ Մենք մեր կողմից առավելագույնս բարյացակամ ենք վերաբերվում դրան, և ես կոչ եմ անում բոլորին նմանատիպ վերաբերմունք ցուցաբերել։ Ամեն դեպքում մենք դրանով կարագացնենք մեր միության կայացումը», – նշել է Սարգսյանը։
 
Ռուսական տնտեսության ճգնաժամային երևույթները

«Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սարգսյանը նշել է, որ ռուսական տնտեսության ճգնաժամային երևույթները չէին կարող չազդել Հայաստանի վրա։ «Ռուսաստանը մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերն է։ Բացի այդ, Ռուսաստանը աշխարհի ամենախոշոր տնտեսություններից մեկն է։ ԵՏՄ–ում Հայաստանի մասնակցությունից անկախ, ազդեցություն պարտադիր կլիներ», – ասել է նախագահը։

Նրա խոսքերով` նման ազդեցություն է զգացվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներում, որոնք ԵՏՄ անդամ չեն։ «Ընդհակառակը, ԵՏՄ–ին մեր անդամակցությունը, հնարավոր է, փոքր–ինչ մեղմել է այդ ազդեցությունը», – ասել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքերով` ռուսական տնտեսությունն ազդում է Հայաստանի տնտեսության վրա, առնվազն` չորս ուղղությամբ` մասնավոր փոխանցումներ, արտահանում, ռուսական ռուբլու նկատմամբ հայկական դրամի ուժեղացում և ներդրումներ։

«Մասնավոր փոխանցումները կազմում են մեր ՀՆԱ–ի 20 տոկոսից մի փոքր ավելին, և ռուբլու արժեզրկումից հետո առաջացան խնդիրներ։ Ֆիզիկական ծավալները (ՌԴ–ից կատարվող փոխանցումները) ավելացել են, սակայն դրանց արժեքը նվազել է գրեթե 30 տոկոսով, դա հանգեցնում է բնակչության պահանջարկի նվազմանը, ինչը բացասաբար է ազդում ՀՆԱ–ի աճի վրա», – ասել է ՀՀ նախագահը։

Խոսելով արտահանման  խնդիրների մասին` ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի հիմնական շուկան Ռուսաստանն է, և եթե ՌԴ–ում գրանցվում է պահանջարկի անկում, ապա դա նշանակում է, որ կրճատվում է նաև հայկական արտադրանքի պահանջարկը, ինչը հանգեցնում է ծավալների կրճատման և եկամուտների նվազման։

«Ռուբլու արժեզրկումը կամ դրամի ամրապնդումը, մի գուցե, առաջին խոչընդոտն է արտահանման ճանապարհին։ Եթե ռուսական ընկերությունները խնդիրներ ունեն, եթե նրանց եկամուտները նվազում են, գործունեությունը` սահմանափակվում, ապա բնական է, որ դա բացասաբար է ազդում նաև ներդրումների վրա, քանի որ Ռուսաստանը Հայաստանի առաջին ներդրողն է», – ասել է նախագահը։

Նրա խոսքերով` այդ ազդեցությունից հեռանալ հնարավոր չէ։ «Սակայն կարծում եմ, որ ցանկացած տնտեսական մարտահրավեր, հնարավոր է, շանս է այլ ուղղություններում հաջողության հասնելու համար։ Նման պայմաններում, ունենալով նման մեծ շուկա, այդ շուկայի նկատմամբ անարգել հասանելիություն, Հայաստանում կարելի է ստեղծել մեծ ձեռնարկություններ», – ասել է Սարգսյանը։

Նա նշել է նաև Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի աճի հնարավորությունները։ «Ի դեպ, չնայած բոլոր բացասական ազդեցություններին, որոնց մասին խոսեցի, գյուղատնտեսական արտադրանքի մեր արտադրողները նախատեսում են այս տարի մի քանի անգամ ավելացնել ռուսական շուկա իրականացվող մատակարարումների ծավալները», – ասել է Սարգսյանն` ընդգծելով, որ Հայաստանում արդեն կառուցվել են խոշոր ջերմոցային տնտեսություններ, որոնք հնարավորություն ունեն արտադրել տասնյակ հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք։–0–