Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը ԵՏՄ–ում. արդյունքներ և սպասելիքներ

09.10.2017, 17:19
Հայաստանն արդեն երկու տարի է ԵՏՄ անդամ է, սակայն մինչև հիմա այս որոշումը երկրում հաճախ ենթարկվում է քննադատության։
Հայաստանը ԵՏՄ–ում. արդյունքներ և սպասելիքներ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն արդեն երկու տարի է ԵՏՄ անդամ է, սակայն մինչև հիմա այս որոշումը երկրում հաճախ ենթարկվում է քննադատության։ Շատերը նշում են, որ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին ոչինչ չի տվել, մյուսներն էլ նշում են հակառակը, որ Հայաստանը լիարժեք չի օգտագործում գոյություն ունեցող ներուժը, ինչի կապակցությամբ անդամակցության արդյունքներն այդքան էլ ակնհայտ չեն։ Այս և շատ այլ հարցերի պատասխանները փորձել են գտնել Երևանում անցկացված Եվրասիական գործընկերության II միջազգային համաժողովի մասնակիցները։

Անդամակցությունը հնարավորություն է

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ում առաջին հերթին հնարավորություն է, որը հարկավոր է օգտագործել։ Ինչպես կարծում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության սեփականատեր Արսեն Ղազարյանը, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ում ներդրումների և տնտեսության զարգացման հնարավորություն է ընձեռում։ Սակայն այս արտոնությունները հարկավոր է նաև գրագետ և լիարժեք օգտագործել։  Իսկ համատեղ գործընկերության հաստատման համար բիզնեսը պետք է շփվի տարբեր հարթակներում և ձևաչափերում։

Ցանկացած հարթակ առաջին հերթին թույլ է տալիս քննարկել առկա հարցերը, իսկ բիզնեսին` բարձրաձայնել խնդիրների մասին իշխանության ներկայացուցիչների առջև, ինչպես նաև կազմակերպել գործարար հանդիպումներ, հաստատել գործարար կապեր, ներկայացնել տնտեսական միության առանձնահատկությունները։

«ԵՏՄ կառույցը դեռ ձևավորվում է, ունի իր առանձնահատկություններն ու պահանջները` կապված տարբեր չափորոշիչների հետ, օրենսդրությունը, որը հարկավոր է ներկայացնել բոլոր երկրներին։ Գործարար շրջանակների ներկայացուցիչների համար ուղիղ գործարար կապերի հաստատման հնարավորությունը թույլ կտա հասկանալ և հաղթահարել ծագող դժվարությունները», – ասաց Ղազարյանը։

Ինչպես նշում է ձեռնարկատերը, երկրների ներուժը շատ բարձր է, ուղղակի անբարենպաստ արտաքին պայմանների պատճառով այն օգտագործվում է ավելի չափավոր, քան դա հնարավոր է։ Չնայած, Ղազարյանի կարծիքով, 2–3 տարվա ընթացքում ինչպես արտահանումը, այնպես էլ ԵՏՄ երկրներից ներդրումները Հայաստանում լուրջ աճ կունենան, իսկ «այդ առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ են համառություն, վճռականություն և հավատ»։


Ապագան գործակցությու՞նն է

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի և, ընդհանուր առմամբ, նա ցանկանում է ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել փորձել միասին համագործակցություն զարգացնել այն ուղղություններում, որտեղ Երևանը բավականին մեծ առավելություններ ունի։ Այդ ոլորտների շարքում նա տեսնում է մեքենաշինությունը, որտեղ Հայաստանը լավ հարթակ կարող է դառնալ մեքենաշինական տեխնիկա հավաքելու կազմակերպման համար, ինչից հետո կարելի է կազմակերպել դրա արտահանումը` հաշվի առնելով  Հայաստանում առկա բավականին արտոնյալ շուկաները, որոնք չկան ԵՏՄ այլ երկրներում։

Նախարարությունը լուրջ ներուժ է տեսնում նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` դեղագործությունը, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը։ Արդեն նշվում է ներդրումների կողմից ցուցաբերած հետաքրքրությունը, մասնավորապես, հայկական ընկերությունը «Կամազ» ընկերության և ամերիկան ընկերության հետ համագործակցությամբ նախատեսում է հայկական ազատ տնտեսական գոտում հաստատել «Կամազի» բազայի վրա բեռնատար մեքենաների հավաքում և դրա արտահանում երրորդ երկրներ։ Հայաստանը պատրաստ է տրամադրել իր «Ալյանս» և «Մեղրի» հարթակները, որոնց նկատմամբ ներդրողներն արդեն հետաքրքրություն են դրսևորում։ Շուտով հայկական շուկայում կհայտնվի ևս մեկ ընկերություն։

Գործակցության ոլորտում ԵՏՄ անդամ երկրները ոչ լիարժեք են առաջնթաց են գրանցել, սակայն մեծ դաշտ կա համագործակցության համար։ Եվ դա մի քանի տարվա աշխատանք չէ, կոոպերացիան աստիճանաբար է ձևավորվում, ժամանակ է պահանջում` բիզնեսը պետք է ծանոթանա տվյալ ոլորտին, իսկ իշխանությունները պետական մակարդակում պետք է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրեն համագործակցությունը բարելավելու համար։


«Հետաքրքրություն կա, և մենք փորձում ենք ներգրավել ռուսական ընկերությունների, որոնք աջակցում են արտահանմանը` համատեղ արտադրանքի արտադրությունն ու արտահանումը կազմակերպելու համար, այդ թվում այն երկրներ, որտեղ Հայաստանն ունի արտոնություններ», – ասաց Ազիզյանը։

ԵՏՄ–ի ներուժ. դեռ պայքարել կարելի՞ է

Ինչպես նշում են փորձագետները, ԵՏՄ–ում Հայաստանի ակտիվ մասնակցության հիմնական ցուցանիշն արտահանման աճն է, որը, նրանց խոսքերով, 2016 թ.–ին աճել է (ԵՏՄ երկրներ) ավելի քան 50 տոկոսով, այս տարի արդեն գերազանցել է 30 տոկոսն ու շարունակում է աճի միտումներ դրսևորել։ Փաստորեն, Հայաստանի համար ստեղծվել է բաց շուկա, ուր առանց սահմանափակումների կարելի է արտահանել սեփական արտադրանքը։ Թվում է, թե արտահանման ցուցանիշներն ու մատակարարումների ծավալները պետք է բավարարեն անգամ ամենապահանջկոտ դիտորդներին, սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։

Ինչպես նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, գոյություն ունի այլ խնդիր` արտադրանքի այնքան ծավալի բացակայություն երկրի ներսում, որը թույլ կտա ոչ միայն իրականացնել արտահանում և բարելավել ապրանքաշրջանառության ցուցանիշները, այլև շոշափելի դարձնել ԵՏՄ–ի անդամակցության առավելությունները տնտեսության բոլոր ոլորտներում։ Իսկ արտադրանք ստեղծելու համար, նրա կարծիքով, հարկավոր է ներգրավել ներդրումներ, որպեսզի արտահանելու արտադրանք լինի։

«Հիմնական խոչընդոտը ոչ թե ԵՏՄ–ն է, այլ ներքին ներուժի զարգացման անհրաժեշտությունը, արտադրության ծավալների ավելացումը, և ԵՏՄ բոլոր երկրները դա պետք է համատեղ իրականացնեն։ ԵՏՄ բոլոր երկրները պետք է հասկանան, որ եթե մենք միասնական շուկա ենք կառուցում, որը երրորդ երկրների արտահանմանն է ուղղված լինելու, ապա մենք պետք է բարելավենք ներքին մրցակցությունը և կոոպերացիոն ձեռնարկություններ ստեղծենք, որոնք երրորդ երկրներ արտահանելու կողմնորոշում կունենան»,– ասել է Ազիզյանը։

Առայժմ երկրները դեռ զգուշություն են դրսևորում, և նրանց միջև չկա առաջ շարժվելու անհրաժեշտության ամբողջական ընկալում, այն առայժմ դեռ նոր է զարգանում` համատեղ արտադրանք, բիզնես, կոոպերացիոն ծրագրեր, բիզնես միջավայրի բարելավմանը և երրորդ երկրներ արտահանմանն օգնելու մեխանիզմներ։ Միաժամանակ ստեղծվում են աշխատանքի համատեղ մեխանիզմներ ԵՏՄ–ի` արտահանմանն օժանդակելուն ուղղված գործակցության միջոցով։

Ինչ վերաբերում է Հայաստանի պասիվությանը ԵՏՄ–ի մյուս երկրների հետ գործակցության հարցում (բացի Ռուսաստանից), ապա վերլուծաբանները պարզ բացատրություն ունեն` ռուսական շուկան Հայաստանի համար ավանդական է, առկա է հաստատված գործակցություն, մատակարարման սխեմաները, պայմանավորվածությունները։ Միաժամանակ, մյուս երկրների հետ այդ կապերն ու գործակցությունը դեռ նոր են ձևավորվում` չխոսելով արդեն լոգիստիկ խնդիրների մասին, որոնք բխում են Հայաստանի զուտ աշխարհագրական դիրքից։ 

Այնուամենայնիվ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն արդեն դիտարկում է լոգիստիկ կապերի զանազան ուղիներ, այդ թվում` Իրանի հետ սահմանում` Մեղրիում հայկական ԱՏԳ–ի գործարկմամբ Իրանով լոգիստիկ սխեմաների օգտագործման հավանականությունը։ Ինչ վերաբերում է Բելառուսին և Ղրղըզստանին, ապա այստեղ կապերը դեռ նոր են զարգանում։

«Երկու տարին փոքր ժամկետ է, բայց կարծում եմ` 5 տարի անց արդեն կկարողանան խոսել հաջողությունների մասին»,– կարծում է Ազիզյանը։

Հայաստանն ապագա ունի՞ առանց ԵՏՄ–ի

Նախորդ շաբաթ հայկական խորհրդարանում «Ելք» ընդդիմադիր դաշինքը բարձրացրել է երկրի` ԵՏՄ–ից դուրս գալու անհրաժեշտության հարցը` իր առաջարկը պայմանավորելով երկամյա անդամակցության ժամկետում  երևելի արդյունքների բացակայությամբ։ Սակայն ընդդիմադիր պատգամավորների առաջարկին մյուս խմբակցությունները չսատարեցին։ Խորհրդարանականները համաձայնության եկան «բոլորը մինուս մեկ» ռեժիմում և հրաժարվեցին քննարկել երկրի դուրս գալը եվրասիական գործընկերությունից, ընդգծելով, որ բոլոր խմբակցությունները հնարավոր են համարում ԵՏՄ–ին անդամակվելը և ԵՄ–ի հետ զուգահեռ գործակցության զարգացումը։ Միաժամանակ, պատագամվորներն ընդգծեցին տվյալ հնարավորության և ներուժի առավելագույն օգտագործման անհրաժեշտությունը։

Ինչպես կարծում է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, առանց ԵՏՄ–ի Հայաստանը հսկայական առավելություն կկորցնի, քանի որ ներկայում Հայաստանի շուկան բազմաթիվ ներդրողներ ընկալում են որպես ԵՏՄ մեծ շուկա մտնելու հնարավորություն։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այսօր ակտիվ օգտվում է ԵՏՄ–ի առավելություններից, աճում է փոխադարձ առևտուրը, ավելանում է համատեղ ներդրումային հոսքերի թիվը։ Հայաստանը, չունենալով մեծ տնտեսություն, բայց օժտված լինելով նշանակալի և բարձր զարգացում ունեցող մարդկային և գիտատեխնիկական ներուժով, կարող է հաջողությամբ յուրացնել հսկայական եվրասիական շուկան, այդ թվում` հաշվի առնելով Չինաստանի, Հնդկաստանի հետ ԵՏՄ–ի մեկ կապերը»,– ասել է Գլազևը։

Փաստորեն, նրա խոսքով, ստեղծվում է տնտեսական գլոբալ զարգացման ժամանակակից միջուկ, որտեղ Հայաստանն առանցքային մասնակիցներից է։ 
«Այդ իսկ պատճառով այդպիսի մասնակցությունից հրաժարվելն անհեռատես եմ համարում»,– ասել է Գլազևը։ -0-