Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայկական ԶԼՄ–ները՝ քննադատության ճիրաններում. մամուլի և հասարակության միջև հակամարտության անատոմիան

25.09.2025, 15:40
Ժամանակակից ԶԼՄ–ները գտնվում են քննադատության խաչվող կրակի տակ, սակայն անդադար պահանջների փոխարեն արժե կենտրոնանալ լրագրողների և հասարակության միջև երկխոսության վրա
Հայկական ԶԼՄ–ները՝ քննադատության ճիրաններում. մամուլի և հասարակության միջև հակամարտության անատոմիան

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերջերս տեղի ունեցավ կարևորագույն ոլորտներից մեկի առաջատար ներկայացուցիչների հանդիպումը՝ մի միջոցառում, որը, ինչպես նշում են մասնակիցները, անցկացվում է անփոփոխ ձևաչափով։ Հանդիպումից հետո շատերը դժգոհություն հայտնեցին, որ տեղական ԶԼՄ–ներն իբր անտեսում են իրենց գործունեությունը։

Սակայն, երբ նրանց հարցրին, թե ինչ հրատարակություններ են կարդում, ստացվեց հետևյալ պատասխանը. «Մենք ընդհանրապես ոչինչ չենք կարդում»։ Պարզվեց նաև, որ այս ներկայացուցիչները չեն շփվում մամուլի հետ՝ տեղեկատվություն չեն տրամադրում լրագրողներին, չեն հրավիրում նրանց միջոցառումների, չեն նախաձեռնում համատեղ նախագծեր։ Լուսաբանում ակնկալելն՝ առանց երկխոսության պատրաստակամության, դարձավ մեդիայի նկատմամբ միակողմանի պահանջների վառ օրինակ։

Բովանդակությունը՝ կրակի տակ․ անհնար է բոլորին գոհացնել

Լրատվամիջոցներին հիմնականում մեղադրում են նրանում, որ նրանք ոչ կոռեկտ են ներկայացնում տեղեկատվությունը։ Լրագրողներն անխուսափելիորեն բախվում են կողմնակալության մեղադրանքների հետ․ տարբեր դիրքորոշումներ ունեցողները թերություններ են գտնում ցանկացած հրապարակման մեջ՝ նյութերը համարելով կամ չափազանց սուբյեկտիվ, կամ մակերեսային։

Պարադոքսն այն է, որ հնարավորինս օբյեկտիվ լուսաբանման փորձերը նույնպես քննադատության են արժանանում՝ այս անգամ արդեն «դիրքորոշման բացակայության» կամ «սուր խնդիրներից խուսափելու» համար։

Լռությունը նույնպես հանցագործություն է

Ոչ պակաս սուր է ընկալվում նաև որոշակի իրադարձությունների լուսաբանման բացակայությունը։ Լրատվամիջոցներին մեղադրում են կարևոր թեմաներըին չանդրադառնալու մեջ, ինչը մեկնաբանվում է որպես հասարակական կարծիքի մանիպուլյացիա և ընկալվում է որպես կանխամտացված գրաքննություն։

Իրավիճակը բարդացնում են ժամանակակից տեխնոլոգիաները․ սոցիալական ցանցերը դարձել են նորությունների այլընտրանքային աղբյուր, որտեղ տեղեկատվությունը տարածվում է ակնթարթորեն, սակայն առանց խմբագրական ստուգման։ Ավանդական լրատվամիջոցները ստիպված են մրցել այն հարթակների հետ, որտեղ արագությունն արժանահավատությունից ավելի կարևոր է։

Գործարար միջավայրի հակասությունները և ֆինանսական անկախության խնդիրը

Հատկանշական է ձեռնարկատերերի վարքագիծը. բողոքելով լրատվամիջոցների ցածր որակից՝ նրանք շարունակում են գովազդ տեղադրել այդ նույն հրատարակություններում, որոնց քննադատում են՝ անվանելով «դեղին»։ Կոմերցիոն շահերն ավելի ուժեղ են, քան սկզբունքային դիրքորոշումները. գովազդը հաճախ գնում է այնտեղ, որտեղ ընդգրկվածությունն ավելի մեծ է, ոչ թե այնտեղ, որտեղ որակն է բարձր։

Լրատվամիջոցների ֆինանսական խնդիրները համակարգային բնույթ ունեն։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ ֆինանսական անկախության ձեռքբերումը մեդիայի համար «գերխնդիր» է․ «Շուկան շատ փոքր է, գերհագեցած, կան անթիվ լրատվամիջոցներ»։ Միևնույն ժամանակ, լսարանը պատրաստ չէ վճարել բաժանորդագրության համար, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է հրատարակությունների կախվածության ֆինանսավորման արտաքին աղբյուրներից։

«Սկզբում կախվածությունը կարող է թույլ լինել, օրինակ՝ ինչ–որ նախագծի հիման վրա, սակայն հետո շատ արագ կարելի է ներքաշվել», — նախազգուշացնում է փորձագետը։

Սա ստեղծում է արատավոր շրջանակ․ որակյալ հրատարակությունները, որոնք մանրամասն ստուգում են տեղեկատվությունը, ստանում են ավելի քիչ գովազդային եկամուտ և ստիպված են կրճատել անձնակազմը, ինչը նվազեցնում է նրանց մրցունակությունը։

Համակարգային ճնշում մեդիաի վրա

Խնդիրն ավելի է խորանում մամուլի վրա նպատակային ճնշումներով: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ «տարիներ շարունակ ջանքեր են գործադրվում մամուլը ոչնչացնելու համար». լրատվամիջոցները զրկվում են գովազդային եկամուտներից, նրանց դեմ դատական ​​​​հայցեր են ներկայացվում, ունեցվածքի վրա արգելանք է դրվում։

«Պետությունը խրախուսում է այն մոտեցումները, որոնց դեպքում լրագրողներին համարում են թշնամիներ, պետական ​​ծառայողները խուսափում են լրագրողներից և փակում են բոլոր ռեսուրսները ԶԼՄ–ների համար», - փաստում է Պապյանը: Միևնույն ժամանակ, նկատվում է ապշեցուցիչ տարբերություն տարբեր ոլորտներին ցուցաբերվող պետական աջակցության հարցում․ ՏՏ–ի համար կան տարատեսակ առավելություններ՝ հարկային արտոնություններ, աջակցության ծրագրեր, մինչդեռ մեդիայի համար գրեթե ոչինչ չկա։

Արդյունքը կանխատեսելի է. լեգիտիմ մեդիաների համակարգված «ոչնչացման» պայմաններում դրանց տեղը զբաղեցնում են տեղեկատվության չստուգված աղբյուրները՝ Telegram-ի ալիքները և սոցիալական ցանցերը։ «Եթե ԶԼՄ–ներն ամեն կերպ «ոչնչացվեն», բնականաբար, մարդիկ չեն վստահի դրանց և կնախընտրեն ինչ–որ Telegram ալիքներ», - նշում է փորձագետը։

Ինֆորմացիոն հիգիենան՝ որպես անհրաժեշտություն

Գերհագեցած մեդիատարածքում չափազանց կարևոր է տարբերել տեղեկատվության որակյալ և «սենսացիոն» կամ «դեղին» աղբյուրները։ Լուրջ լրատվամիջոցները ժամանակ և ռեսուրսներ են ծախսում տեղեկատվությունը վերստուգելու վրա, ինչը նրանց դարձնում է պակաս օպերատիվ՝ այն ԶԼՄ–ների համեմատ, որոնք հրապարակում են չստուգված տեղեկատվություն։

Մեդիագրագիտության հմտությունների զարգացումը կօգնի լսարանին գիտակցված ընտրություն կատարել տեղեկատվության աղբյուրների հարցում և տարբերել փաստերը և կարծիքները, որակյալ լրագրողական նյութը և «պատվիրված» հոդվածը։

ԶԼՄ–ն՝ որպես հասարակության հայելի

Մամուլն անխուսափելիորեն արտացոլում է այն հասարակությունը, որում գործում է։ Լրագրողներն ապրում են նույն սոցիալ-տնտեսական պայմաններում, ինչ իրենց ընթերցողները, բախվում են նմանատիպ խնդիրների և ճնշումների հետ։ Աշխատանքը մշտական ​​​​վերջնաժամկետների, մրցակցության և հանրային քննադատության պայմաններում մասնագիտությունը դարձնում է չափազանց դժվար։

Լրատվամիջոցներից բացարձակ օբյեկտիվություն ակնկալելը ուտոպիական է. լրագրողը նույնպես մարդ է՝ իր սեփական հայացքներով և սահմանափակումներով։ Մամուլի որակն ուղղակիորեն կապված է հասարակության զարգացման մակարդակի, նրա պահանջների և որակյալ լրագրությանն աջակցելու նրա պատրաստակամության հետ։

Ուղի դեպի կառուցողական երկխոսություն

Ժամանակակից լրատվամիջոցներն իսկապես գտնվում են քննադատության խաչվող կրակի տակ։ Սակայն անվերջ քննադատության և պահանջների փոխարեն, արժե կենտրոնանալ լրագրողների և հասարակության միջև կառուցողական երկխոսություն ձևավորելու վրա։

Փորձագետներն ընդգծում են համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. պետությունը պետք է ռեսուրսներ տրամադրի մամուլին և աշխատի ապահովելու համար, որ լրատվամիջոցները լինեն կայուն, վստահելի և կարողանան աճել, զարգանալ և դիմակայել արտաքին ճնշմանը։

Դա հատկապես կարևոր է Facebook-ի, YouTube-ի և Telegram-ի նման գլոբալ հարթակների հետ մրցակցության պայմաններում, որոնք հավակնում են լսարանի նույն ուշադրությանը և գովազդային բյուջեներին։

Առողջ մեդիա էկոհամակարգի կառուցումը ենթադրում է, որ բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն բաց փոխգործակցության. լրատվամիջոցները պետք է ձգտեն մասնագիտական ​​աճի և թափանցիկության, հասարակությունը պետք է ձգտի մեդիագրագիտության և աջակցի որակյալ լրագրությանը, իսկ պետությունը պետք է ստեղծի պայմաններ մամուլի անկախ գոյության համար: Միայն համալիր մոտեցումը կարող է ստեղծել տեղեկատվական միջավայր, որը կհամապատասխանի զարգացած հասարակության պահանջներին։

Կոնստանտին Պետրոսով

«ԱՌԿԱ» գործակալության տնօրեն