Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել Էջմիածնում
Սա մարզային ցանցում Բանկի թվով ութերորդ մասնաճյուղն է, որն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղում մինչև 2020թ. հունվարի 31–ը ներառյալ։
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, «Էջմիածին» մասնաճյուղում կառաջարկվեն հատուկ սակագներ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։
«Հաշիվ բացելու դեպքում մենք նոր իրավաբանական անձանց կտրամադրենք Ինտերնետ Բանկինգի և Մոբայլ Բանկինգի ծառայություններ, Business տեսակի քարտ` մեկ տարվա անվճար սպասարկմամբ։ Բացի այդ, ընկերության երկու ղեկավարին կտրամադրվեն մեկական դեբետային կամ կրեդիտային քարտեր` մեկ տարվա անվճար սպասարկմամբ», – նշեց նա։
Բարսեղյանի խոսքով, նոր ֆիզիկական անձանց համար հաշիվ բացելու դեպքում ևս կտրամադրվեն Ինտերնետ Բանկինգի և Մոբայլ Բանկինգի ծառայություններ` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, նրանց նաև կտրամադրվի մեկ դեբետային կամ կրեդիտային քարտ (բացառությամբ Platinum կամ Infinite տեսակի քարտերի)` մեկ տարվա անվճար սպասարկմամբ։
Մասնաճյուղերի ցանցի ընդլայնում
Բարսեղյանն ընդգծեց, որ Ամերիաբանկը շեշտադրում է նոր մասնաճյուղերի բացումը ոչ միայն Երևանում, այլև մարզերում` տրամադրելով ծառայությունների և պորդուկտների լայն շրջանակ` սկսած բիզնես–վարկավորումից և ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերից, մինչև ավանդական ծառայություններ և հնարավորություններ` գործառնություններ կատարելու համար։
«Վերջին շրջանում Ամերիաբանկն ընդլայնել է գործունեության մասշտաբները երկրի մարզերում, և մասնաճյուղի բացումն Էջմիածնում այդ ռազմավարության մի մասն է։ Բանկի բոլոր մասնաճյուղերն ունիվերսալ են նրանով, որ տրամադրելու են մեր բոլոր ծառայություններն ու պրոդուկտները։ Բացի այդ, մասնաճյուղի բացումն Էջմիածնում թույլ կտա նոր մակարդակի վրա բարձրացնել սպասարկման որակը», – ասաց նա
Նոր ակցիաների լայն տեսականի
«2019թ.–ի սկզբից Ամերիաբանկը գրեթե ամեն ամիս ներկայացրել է նոր պրոդուկտներ, հատկապես թվային ծառայությունների գծով։ Մենք առաջինը Հայաստանում գործարկեցինք թվային վարկավորում սկզբից ֆիզիկական անձանց, իսկ հետո նաև իրավաբանական անձանց համար`այդ կերպ հնարավորություն ընձեռելով առցանց վարկ ստանալ, առանց բանկի մասնաճյուղ այցելելու», – նշեց Բարսեղյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ մինչև 2019թ.–ի վերջ Ամերիաբանկը հանդես կգա նոր առաջարկով, որը թույլ կտա բիզնես–վարկավորումը տեղափոխել թվային միջավայր:
«Այդ կերպ մենք կլուծենք փաստաթղթերով բանկ այցելելու անհրաժեշտության խնդիրը։ Կարծում ենք, որ այդ առաջարկը ծանրակշիռ նորարարական լուծում է ֆինանսական շուկայում, որն էականորեն կարագացնի վարկերի ձևակերպման գործընթացը, ինչը հարմար է հաճախորդներին», – ասաց նա։
Սոցիալական աջակցություն և պատասխանատվություն
Ինչպես լրագրողներին հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Ամերիաբանկի մասնաճյուղի բացումը կոչված է խթանել տնտեսական ակտիվությունը քաղաքում` դյուրացնելով հասանելիությունը բանկային ծառայությունների նկատմամբ։
«Մասնաճյուղի բացման շնորհիվ Էջմիածնի բնակիչները ստիպված չեն լինի գնալ Երևան` բանկային գործառնություններ կատարելու համար։ Բացի այդ, արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մասնաճյուղը փոքր նախագծերի միջոցով կաջակցի մեր քաղաքային համայնքի կյանքին», – ասաց նա։
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյաննն իր հերթին ընդգծեց, որ Ամերիաբանկի մասնաճյուղն Էջմիածնում առաջինն է ոչ միայն իր ղեկավարած մարզում, այլև Արարատյան դաշտավայրի ողջ տնտեսական գոտում, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար։
Նրա խոսքով, բանկը կարող է մեծ աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսական ոլորտում տեղական բիզնեսի սուբսիդավորման ծրագրերի կազմակերպման գործում։
«Մասնաճյուղը կարող է դյուրացնել մարզի բնակիչների համար համաֆինանսավորման ապահովման և սուբսիդավորման գործընթացը։ Բացի այդ, այն թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել տարբեր սոցիալական ծրագրեր», – ասաց նա։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը բազմիցս արժանացել է Euromoney, Global Finance, The Banker միջազգային ֆինանսական մրցանակներին։–0–