Նելլի Քոչարյանը մասնակցել է 48-րդ միջազգային բանկային համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ Banking Association for Centeral and Eastern Europe-ի նախաձեռնությամբ կայացել է 48-րդ միջազգային բանկային համաժողովը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։
Համաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ Գերմանիայից, Լեհաստանից, Հայաստանից, Իտալիայից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այլ երկրներից:
Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել է Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը՝ որպես բանախոս հանդես գալով CORRESPONDENT BANKING - FIGHTING DE-RISKING. PERSPECTIVES OF INTERNATIONAL TRADE AND TRADE FINANCE պանելային քննարկմանը:
Նելլի Քոչարյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում այդ ոլորտում ներկա վիճակին, մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին:
Նա ասել է. «Հայաստանից խոշոր արտասահմանյան բանկերի հեռանալը նոր մարտահրավեր է երկրի բանկային համակարգի համար, քանի որ դրա հետևանքով սահմանափակվում են միջազգային փոխանցումների և առևտրի ֆինանսավորման հնարավորությունները, բարդանում է այլ երկրների հետ առևտրաշրջանառության սպասարկումը: Կոնվերս Բանկն արդեն իսկ ուղիներ է մշակում հնարավոր ռիսկերի զսպման նպատակով: Ակնկալում ենք միջազգային ֆինանսական կառույցների, խոշոր խաղացողների աջակցությունը, այդ թվում՝ խորհրդատվության մասով»:
Ռիսկերի կառավարման ոլորտում առկա վիճակը և իրենց փորձն են ներկայացրել նաև քննարկման այլ մասնակիցներ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:47 09.10.2024