Ամերիաբանկի հաճախորդներից երկուսը «Եվրատեսիլ 2017»–ի կիսաեզրափակչի տոմսեր են շահել
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը VISA ընկերության հետ համատեղ ուրբաթ ամփոփել են խաղարկության արդյունքները, որի հաղթողները շահել են ուղևորություն դեպի Կիև` «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակչին ներկա գտնվելու նպատակով։
Խաղարկությանը մասնացկել են Ամերիաբանկի այն քարտապանները, ովքեր 2017 թ.–ի փետրվարի 23–ից ապրիլի 11–ն ընկած ժամանակահատվածում VISA քարտերով (բացառությամբ Business քարտերի) կատարել են նվազագույնը 100 հազար դրամին համարժեք գումարի չափով անկանխիկ վճարումներ։
Ինչպես ուրբաթ լրագրողներին ասաց Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների դեպարտամենտի մանրածախ բանկային ծառայությունների նախագծերի ղեկավար Էլեն Դանիելյանը, խաղարկությունը նպատակաուղղված էր բանկի վճարային քարտերի վաճառքի ծավալի ավելացմանը, ինչպես նաև անկանխիկ վճարումների և գործարքների շրջանառության խթանմանը։
«Մենք այս անգամ հատուկ շեշտադրեցինք մեր ուշադրությունն այն հատվածի վրա, որը ոչ մեծ ծավալների գործարքներ է կատարում, մասնավորապես, ցանկանում էինք ներգրավել միջին դասը։ Այդ պատճառով նվազագույն շեմը սահմանվել էր 100 հազար դրամը», – ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով, խաղարկությանը մասնակցել է բանկի 2780 քարտապան, որոնցից 77%–ը (կամ 2130 մարդ) VISA Classic–ի և VISA Electron–ի քարտապաններ են, ինչը վկայում է այն մասին, որ ակցիայում ներգրավվել են ոչ միայն «պրեմիում» հատվածի հաճախորդները։
Նա նշեց, որ խաղարկության բոլոր մասնակիցներին ուղարկվել է SMS հաղորդագրություն, որտեղ նշվել է իրենց անհատական համարը, որը մասնակցում է խաղարկությանը։
Հաղթող են ճանաչվել 1240 և 1676 համարների հաճախորդները, նախատեսված են նաև երկու ռեզերվային համարներ (1477 և 1036), եթե հաղթողները հրաժարվեն ճամփորդությունից։ Նրանք կստանան երկու հոգու համար նախատեսված ուղեգիր դեպի Կիև, փաթեթում ներառված է ավիատոմսի արժեքը, բնակությունը հյուրանոցում և «Եվրատեսիլի» կիսաեզրափակչի տոմսեր։
Հաղթողները կարող են իրենց մրցանակները ստանալ Ամերիաբանկի գլխամասային գրասենյակից ապրիլի 21–ից մինչև 26–ը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:-0-