Ամերիաբանկն ու Յուքոմը գործարկում են Ամերիա TV Բանկինգ ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկաբանկն ու «Յուքոմ» ընկերությունը երեքշաբթի ներկայացրել են բոլորովին նոր` Ամերիա TV Բանկինգ ծառայությունը։
Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով` Ամերիա TV Բանկինգ ծառայությունը հնարավորություն է տալիս դիտել կոմունալ վճարումների պարտքը, ստեղծել և կատարել խմբային կոմունալ վճարումներ, դիտել վճարումների պատմությունը, Ամերիաբանկի տվյալ օրվա արտարժույթի փոխարժեքները, ինչպես նաև դիտել Ամերիաբանկի մասնաճյուղերի և բանկոմատների հասցեները` ցանկով և քարտեզով:
«Ծառայությունը լինելու է անվճար, միջնորդավճար չի լինելու։ TV Բանկինգը հասանելի կլինի այն մարդկանց, ովքեր ունեն հաշիվ Ամերիաբանկում, բաժանորդագրված են Յուքոմի TV փաթեթին և արդեն օգտվում են հեռախոսային բանկինգի ծառայությունից, որը տրամադրում են Ամերիաբանկն ու Յուքոմը», – լրագրողներին ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով` TV Բանկինգի մենյուից օգտվելու համար հարկավոր է բանկային քարտի համարն ու ծածկագիրը։ Այն կլինի պարզ` հեռախոսային բանկինգի գաղտնաբառի առաջին 4 նիշը։
«Բացի այդ, եթե հաճախորդը վճարում է մի քանի բնակարանների կոմունալ ծառայությունները, նա կարող է մենյուում ստեղծել առանձին վճարային խմբեր։ Այսուհետ մեր բաժանորդները կարող են օգտվել այս բոլոր ծառայություններից առանց տնից դուրս գալու։ Այսպիսով, մենք տրամադրում ենք մեր ծառայությունները կապի բոլոր հնարավոր միջոցներով` համացանցով, հեռախոսով, այսուհետ նաև հեռուստատեսությամբ», – ասաց նա։
Նա նաև ընդգծեց, որ TV Բանկինգը նոր խոսք է ոչ միայն Հայաստանի համար։
Ծառայությունն ակտիվացնելու համար հաճախորդները կարող են դիմել Յուքոմ, իսկ UTV–ի նոր բաժանորդների համար բանկային հավելվածը կտեղադրվի ավտոմատ։
Ամերկաբանկի տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանն իր հերթին նշեց, որ TV Բանկինգը հուսալի է և ամբողջությամբ պաշտպանված է կողմնակի միջամտությունից։
«TV Բանկինգը մեր հաճախորդներին առաջարկելուց առաջ մենք երկար և մանրամասն փորձարկել ենք այն` նվազագույն թերություններն անգամ բացառելու համար։ Ծրագրային ապահովումը, որը սպասարկելու է TV Բանկինգը, համապատասխանում է բանկային սոֆտին ներկայացվող հուսալիության պահանջներին», – ասաց նա։
«Յուքոմ» ընկերության Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանն իր հերթին նշեց, որ Ամերիաբանկի հետ երկարատև և հաջող համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։ «Մենք երկար ճանապարհ ենք անցել Ամերիաբանկի հետ և այսօր հայտարարում ենք հերթական` նոր նախագծի մասին։ Հուսանք, որ այն վերջինը չի լինի», – ավելացրեց նա։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–