Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+33

ԿԲ–ն հնարավոր է համարում անշարժ գույքի շուկայում ակտիվության հետագա դանդաղումը․ Մարտին Գալստյան

11.06.2025, 14:30
ՀՀ ԿԲ–ն հնարավոր է համարում անշարժ գույքի շուկայում ակտիվության հետագա դանդաղումը, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը
ԿԲ–ն հնարավոր է համարում անշարժ գույքի շուկայում ակտիվության հետագա դանդաղումը․ Մարտին Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն հնարավոր է համարում անշարժ գույքի շուկայում ակտիվության հետագա դանդաղումը, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ՝ եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման և անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում։ Այս շուկայում ակտիվության հետագա դանդաղումը համարում ենք հնարավոր», – ասաց նա՝ ներկայացնելով ֆինանսական կայունության վերաբերյալ 2024թ․–ի հաշվետվությունը։

Գալստյանը նշեց, որ վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր աճը՝ զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ, կարող է ստեղծել անշարժ գույքի շուկայի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։

«Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքային բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկի կուտակման ազդակ հանդիսանալ», – ասաց նա։

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2025 թվականի ապրիլին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 20,573 գործարք՝ 2024 թվականի ապրիլի 20,988 գործարքի և 2025 թվականի մարտի 19,345 գործարքի համեմատ: Ըստ գործարքի տեսակի՝ գերակշռել են օտարման գործարքները (7,168 գործարք կամ գործարքների ընդհանուր թվի 34.8%-ը), իսկ գույքի տեսակով՝ հողի հետ կապված գործարքները (8,121 գործարք կամ 39.5%):