Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել Երևանի կենտրոնում և գործարկում է մի շարք ակցիաներ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն ուրբաթ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում բացել է «Երիտասարդական» մասնաճյուղն ու գործարկում է մի շարք ակցիաներ։
Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, սա բանկի արդեն 12–րդ մասնաճյուղն է, որը հաճախորդներին կառաջարկի ծառայությունների մի ամբողջ շրջանակ և կաշխատի հատուկ գրաֆիկով` շաբաթը 7 օր, ժամը 10։30–ից մինչև 21։30–ը։
«Իր ռազմավարության շրջանակում բանկը ստեղծում է առավել բարենպաստ պայմաններ հաճախորդների համար` հնարավորություն ընձեռելով օգտվել բանկային ծառայություններից աշխատանքից հետո», – ասաց Բարսեղյանը։
Բանկի ներկայացուցչի խոսքով` մասնաճյուղը հենվում է նոր հայեցակարգի վրա, որի համաձայն` բանկի ծառայություններից կարելի է օգտվել շուրջօրյա` շաբաթը յոթ օր հատուկ տերմինալի միջոցով, որը թույլ է տալիս ինքնուրույն համալրել հաշիվը, փոխանցել միջոցները, վճարել կոմունալ ծառայություններն ու կատարել բանկային մի շարք այլ գործառնություններ։
Նա նաև նշեց, որ նոր մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Երիտասարդական» մասնաճյուղում մինչև 2016 թ.–ի հունիսի 1–ը։
Մասնաճյուղն իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում արտոնյալ պայմաններով առաջարկում է Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, Ամերիկա Օնլայն/Մոբայլ Բանկինգ (մինչև երկու օգտագործող) համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, նոր ֆիզիկական անձի արտարժույթով հաշվի անվճար բացում` անկախ արժույթի տեսակից և անվճար միացում Օնլայն Ամերիաբանկ համակարգին։
Բացի այդ, Ամերիաբանկի «Երիտասարդական» մասնաճյուղում հաշիվ բացող նոր հաճախորդներին կտրամադրվեն ArCa Classic, Visa Electron կամ Cirrus Maestro պլաստիկ քարտեր` առաջին տարվա անվճար սպասարկմամբ, իսկ Visa/MasterCard Gold կամ Visa/MasterCard Platinum քարտատեսակների համար առաջին տարվա սպասարկման վճարը սահմանվում է 50 տոկոս զեղչով։
«Բոլոր կին հաճախորդների համար, ովքեր 2016 թ.–ի մարտի 4–ից մինչև 9–ն ընկած ժամանակահատվածում ցանկություն կունենան ձեռք բերել Visa Gold կամ MasterCard Gold պլաստիկ քարտ Ամերիաբանկի նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղում, քարտը կտրամադրվի մեկ տարվա անվճար սպասարկմամբ», – ասաց Բարսեղյանը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Ամերիաբանկը առաջին ներդրումային բանկն է Հայաստանում, որը 2007 թ.–ից տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների լայն շրջանակ։–0–