Ինեկոբանկը ստեղծել է Հայաստանում առաջին թվային բանկինգը` գործարկելով InecoPay վճարային համակարգը
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը Հայաստանում ներկայացնում է գերժամանակակից և նորարարական InecoPay վճարումների ծառայությունը , չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։
InecoPay նոր համակարգը թույլ է տալիս սմարթֆոնից իրականացնել անկոնտակտ վճարումներ։ Համակարգից օգտվելու համար պարզապես հարկավոր է սմարթֆոնում ներբեռնել հավելվածը, ակտիվացնել ինտերնետն ու առևտրային կետում սքանավորելով QR կոդը` մուտքագրել վճարման համար անհրաժեշտ գումարը, որը միանգամից գանձվում է հաշվից։ Ընդ որում, մուտք գործելով InecoPay համակարգ`օգտատերը կարող է ծանոթանալ բանկի գործընկերների ցանկին, գտնել ամենամոտ վճարման կետը։
«InecoPay նոր ծառայության շնորհիվ մենք Հայաստանում ստեղծել ենք առաջին լիարժեք թվային բանկինգը, որը թույլ է տալիս հաճախորդներին, ունենալով միայն սմարթֆոն և ինտերնետ, ցանկացած կետում ստանալ անհրաժեշտ բոլոր բանկային և ֆինանսական ծառայությունները», – ասաց Նալթակյանը` նշելով, որ հաճախորդներին հասանելի են ֆինանսավորման գործիքներ, խնայողությունների և վճարումներ կատարելու հնարավորություններ։
Ըստ նրա, InecoPay արագ վճարումների հնարավորությունն այժմ հասանելի է ոչ միայն Ինեկոբանկի հաճախորդներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ունեն ArCa, Visa, Master վճարային քարտեր, ինչը բացառիկ հնարավորություն է հաճախորդի նախընտրած հաշվից վճարումներ իրականացնելու համար։
Միաժամանակ նա նշեց, որ եթե հաճախորդների մոտ առաջանում են չնախատեսված ծախսեր, ապա սմարթֆոնով կատարած մեկ գործողությամբ հնարավոր է նաև ակնթարթորեն ստանալ հավելյալ ֆինանսական միջոցներ, ձևակերպել վարկ և կատարել անհրաժեշտ վճարումներ։
Ինչպես նշեց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Արտյոմ Չիչյանը, այսօր արդեն իսկ համակարգին միացել է ավելի քան հազար գործընկեր տարբեր ոլորտներից, որոնք գրեթե ամբողջովին ծածկում են Երևանի տարածքը։
Նա նշեց նաև, որ ցանցն ընդլայնվելու է, որպեսզի InecoPay–ի հաճախորդները վստահ լինեն, որ կարող են գնումներ կատարել ցանկացած վայրում` սկսած բակային փոքր խանութներից մինչև խոշոր սուպերմարկետներ ու առևտրի կենտրոններ։
«Համակարգին միանալ ցանկացող ընկերությունները պարտադիր չէ, որ լինեն Ինեկոբանկի խաճախորդներ, անհրաժեշտ է միայն ներկայացնել առցանց դիմում, բանկի աշխատակիցներն անձամբ կայցելեն ընկերություն, կտրամադրեն QR կոդ և կուսուցանեն աշխատակիցներին», – ասաց Չիչյանը։
«Ինեկոբանկ» ՓԲԸ–ի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Նարեկ Բեժանյանի խոսքով, InecoPay համակարգի ներդրումը զգալիորեն արագացնում է բոլոր ընթացակարգերը, ապահովում է բանկային գործառույթների հասանելիությունը և միաժամանակ երաշխավորում է անվտանգության բարձր մակարդակ, քանի որ սմարթֆոններն արդեն ունեն պաշտպանության մի քանի աստիճան, որոնք երաշխավորում են տվյալների անվտանգությունը։
Ըստ նրա, համակարգի անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ խնդիրների առաջացման դեպքում դրանք կարելի է արգելափակել առցանց` ապաակտիվացնելով հաշիվը։
«Ինեկոբանկ» ՓԲԸ–ն այսօր Հայաստանում գործող միակ թվային բանկն է, որն ապահովում է թվային ծառայությունների ամբողջական համալիր ֆիզիկական անձանց համար։ Բանկի թվային լուծումներից օգտվում է ավելի քան 150 հազար հաճախորդ։ Միաժամանակ բանկը շարունակում է ներդնել ու զարգացնել հարմար և անվտանգ բանկային թվային ծառայություններ։ Բանկը նպատակ ունի միավորել բոլոր ֆինանսական գործիքները մեկ անվտանգ միջավայրում, որը թույլ կտա իրականացնել փոխանցումներ, ձևակերպել ավանդներ, ստանալ վարկեր և անմիջապես սմարթֆոնից կատարել վճարումներ տարբեր ծառայությունների համար։
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։
Մասնավորապես, 2009թ.-ին բանկն առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպե։
2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ բանկն առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
2014թ.-ին ներդրվեց InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
2017թ.-ին բանկն առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական եւ ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:-0-