«Ռոսգոսստրախի» ղեկավար Դանիիլ Խաչատուրովը Ռուսաստանի ամենահարուստ հայն է Forbes
19.04.2012,
17:20
«Ռոսգոսստրախ» ընկերության ղեկավար Դանիիլ Խաչատուրովը դարձել է Ռուսաստանի ամենահարուստ հայազգի գործարարը` Forbes ամսագրի ռուսական տարբերակի համաձայն:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ» ընկերության ղեկավար Դանիիլ Խաչատուրովը դարձել է Ռուսաստանի ամենահարուստ հայազգի գործարարը` Forbes ամսագրի ռուսական տարբերակի համաձայն:
Խաչատուրովը 45-րդ տեղն է զբաղեցրել «Ռուսաստանի ամենահարուստ գործարարներ -2012» վարկանիշում 2 մլրդ դոլար կարողությունով, ինչը 500 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա գումարից: Ռուսաստանի հարուստ գործարարների ցուցակում են ևս չորս հայեր՝ Սամվել Կարապետյանը, Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները և Ռուբեն Վարդանյանը:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 1,6 մլրդ կարողությունով (նախորդ տարի նրա կարողությունը 200 մլն դոլարով պակաս էր) հայտնվել է 63-րդ հորիզոնականում:
Միմյանց հետևից վարկանիշի 82-րդ և 83-րդ տեղերում են տեղավորվոլ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները՝ յուրաքանչյուրը 1,2 մլրդ-ական դոլար կարողությունով: Եղբայրները «ՌԵՍՈ-Գարանտիի» հիմնադիրներն են:
Ռուսաստանի հարուստ հայերի ցուցակում վերջինը «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյաննն է, ով պահպանել է իր դիրքը նախորդ տարվանից անփոփոխ մնացած 500 մլն դոլար կարողությամբ:
Ռուսաստանի ամենահարուստ գործարարն, ըստ ռուսալեզու Forbes-ի, «Մետալոինվեստի» հիմնական սեփականատեր Ալիշեր Ուսմանովն է, ով այդ հորիզոնական է բարձրացել հինգերորդ տեղից և զբաղեցրել երկու տարի անընդմեջ առաջին տեղում գտնվող Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի հիմնական շահառու Վլադիմիր Լիսինի տեղը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Ուսմանովի կարողությունը գնահատվում է 18,1 մլրդ դոլար, մեկ տարի առաջ այն կազմում էր 17,7 մլրդ դոլար:
Այսպիսով, Վլադիմիր Լիսինը դարձել է վարկանիշի «արծաթե մրցանակակիրը», իսկ «Սեվերստալի» ղեկավար Ալեքսեյ Մորդաշովը եզրափակել է առաջատարների եռյակը: «Օնէկսիմ» խմբի նախագահ Միխայիլ Պրոխորովը 13,2 մլրդ դոլարով, ով ավելի վաղ զբաղեցնում էր երրորդ տեղը (18 մլրդ), իջել է յոթերորդ հորիզոնական:
Վարկանիշի կազմողների գնահատմամբ՝ Ռուսաստանում միլիարդատերերի թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է՝ 101-ից հասնելով 96-ի: Այս տարի ռուսական Forbes-ը կրկին գնահատում է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների կարողությունը, որոնց ընդհանուր հարստությունը հասնում է 446,3 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա 498,6 մլրդ դոլարի դիմաց: -0-