Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը ոսկերչության բնագավառի արտադրության ծավալների կրկնակի ավելացման կբերի

10.12.2013, 16:36
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ոսկերչության բնագավառի արտադրության ծավալների կրկնակի ավելացման կբերի, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի նախագահ, «Գնոմոն» երևանյան ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը։
ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը ոսկերչության բնագավառի արտադրության ծավալների կրկնակի ավելացման կբերի
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ոսկերչության բնագավառի արտադրության ծավալների կրկնակի ավելացման կբերի, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի նախագահ, «Գնոմոն» երևանյան ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը։

«Եթե Հայաստանն առաջնահերթությունը տա ներքին արտադրությանը, ապա ՄՄ միանալու դեպքում մենք կկարողանանք կրկնապատկել ոսկերչական ոլորտի արտադրության ցուցանիշները, որոնք գրանցվել են 2013թ.–ին»,– ասաց Գրիգորյանը։

Բացի այդ, ըստ նրա` երկրում արտադրության չօգտագործված ներուժ կա, որը հնարավոր է գործածել։

Միաժամանակ նա նշեց ոսկերչական ոլորտի համար  Հայաստանում գործող լիբերալ օրենսդրական դաշտի պահպանման անհրաժեշտությունը։

«Ոսկերչական ոլորտում մեր օրենսդրությունը շատ լիբերալ է և էապես տարբերվում է ՄՄ անդամ երկրներում գործող օրենքներից։ Մասնավորապես` Հայաստանում թանկարժեք մետաղներից պատրաստված հումքը, դրանց կիսաֆաբրիկատները, նուրբ թանկարժեք քարերը և դրանց համար նախատեսված հումքը չեն հարկվում մաքսային տուրքերով` ներմուծվելիս և ներքին շուկայի շրջանառության դեպքում` ի տարբերություն ՄՄ երկրների»,–ասաց Գրիգորյանը։

Երկրորդ կարևոր հարցը, ըստ նրա, ոսկերչական արտադրանքի հարգորոշման հարցն է, որը ՄՄ երկրներում իրականացվում է պետական մակարդակով, այն ժամանակ, երբ Հայաստանում այդ շուկան լիբերալիզացվել է և իրականացվում է մասնավոր ընկերության կողմից։

Ընդհանուր առմամբ, ինչպես կարծում է Ասոցիացիայի ղեկավարը, ՄՄ–ին  Հայաստանի անդամակցությունը զգալիորեն կհեշտացնի տեղական արտադրանքի իրացման հարցը, քանի որ դա իրացման հիմնական շուկաներից մեկն է։

Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքում նրանց ներկայությամբ ստորագրվեցին ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–հոկտեմբերին կազմել է 15.1 մլրդ դրամ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 21.8 տոկոսով։
Հայաստանում հաշվետու ժամանակահատվածում ադամանդի արտադրության ծավալը կազմել է 73 572 կարատ` 2012 թ.–ի հունվար–հոկտեմբերի համեմատ ավելանալով 47,8 տոկոսով։

Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն այս տարվա ինը ամսվա ընթացքում կազմել է 155,2 մլն դոլար (2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ 11,4 տոկոսի աճ), իսկ այս ապրանքատեսակների ներկրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 244,2 մլն դոլար (67 տոկոսի աճ) (1 դոլարը – 406,80 դրամ)։–0–