Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/ԱՌԿԱ/․ Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։
Այս նախագիծը մշակվել և իրականացվել է միջազգային ինժեներական չափանիշներին ու անվտանգության նորմերին համապատասխան՝ ապահովելով կայանների հուսալիությունը, բարձր արտադրողականությունն ու երկարաժամկետ անխափան աշխատանքը: Կայանը գործում է արդեն մեկ տարի, արտադրված հոսանքը դուրս է գալիս ազատականացված շուկա, որտեղ էլ վաճառվում է օրվա սակագնով:
«Լանջ Էներգոյի» գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ իրականացվել է նախագիծը։
«Կայանը հիմնելուց մտածում էինք, որ այն շահութաբեր լինելուց զատ նաև օգտակար լինի մեր երկրի համար։ Մեր կայանների կառուցման գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը։ Շատ կարճ ժամանակահատվածում հաստատեցինք բոլոր նախագծերը ու սկսեցինք արդեն շինարարական աշխատանքները։ Կառուցման ընթացքում շատ խոչընդոտներ են եղել, որոնք արագ լուծվել են Ակբա Լիզինգի շնորհիվ»,- նշել է «Լանջ Էներգո» ընկերության տնօրեն Արտեմ Կարապետյանը:
«Լանջ Էներգոյի» նպատակն է երկրի համար ձևավորել ավելի կանաչ, արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած էներգետիկ ապագա։
Լանջառ գյուղում այժմ բնակվում է քսանհինգ ընտանիք, որոնց ամեն տարի ընկերությունն իր շահույթից կուղղի միջոցներ՝ բարեկարգման աշխատանքների համար։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։