ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։
Հրատարակության առանձնահատկությունն այն է, որ վեպն առաջին անգամ է թարգմանվել հայերեն անմիջապես ֆրանսերեն բնագրից։
Սա հնարավորություն է տվել առավելագույն ճշգրտությամբ պահպանել հեղինակի լեզվի ոճային առանձնահատկությունները, ստեղծագործության գեղարվեստական ինքնատիպությունն ու գաղափարական ամբողջականությունը՝ հայ ընթերցողին ներկայացնելով վեպը հնարավորինս մոտ բնագրին։
«Աջակցելով մշակույթի, կրթության և ընթերցանության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ Բանկը շարունակում է իր ներդրումն ունենալ այնպիսի ծրագրերի իրականացման գործում, որոնք նպաստում են համաշխարհային գրական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը հայ ընթերցողների շրջանում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Դյումայի ոճն առանձնանում է իր արտահայտչականությամբ, վառ գեղարվեստական պատկերավորմամբ և նուրբ հումորով։ Նոր թարգմանության ընթացքում մեր գլխավոր նպատակը հենց այդ առանձնահատկությունների պահպանումն էր, որպեսզի հայ ընթերցողը հնարավորություն ունենա վեպը զգալ և ընկալել այնպես, ինչպես դա կանխամտածվել է հեղինակի կողմից։ Շնորհակալություն ենք հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկին այս կարևոր նախագծին ցուցաբերած աջակցության և համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները մայրենի լեզվով հրատարակելու գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
«Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը շուտով հասանելի կլինի հանրապետության բոլոր հայտնի գրախանութներում։
Ծանոթագրություն
Վեպի ֆրանսերեն բնագրում դ’Արտանյանն իրեն համեմատում է «հայազգի դոն Հաբեթի» (don Japhet l’Arménien) հետ, որը ֆրանսիական գրականությունում հայտնի է որպես պարծենկոտ և ինքնագովեստով աչքի ընկնող կերպար։ Այս գրական ակնարկը, որը բացակայում է վեպի ռուսերեն թարգմանության մեջ, բացահայտվել է թարգմանիչ Սամվել Գասպարյանի կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: