Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում սպառվող թռչնամսի մոտ 55%–ը ներկրվում է արտերկրից. նախարար

26.09.2012, 17:35
Հայաստանում սպառվող թռչնամսի մոտ 55 տոկոսը ներկրվում է արտասահմանից, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` խորհրդարանում պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ընթացքում։
Հայաստանում սպառվող թռչնամսի մոտ 55%–ը ներկրվում է արտերկրից. նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառվող թռչնամսի մոտ 55 տոկոսը ներկրվում է արտասահմանից, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` խորհրդարանում պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ընթացքում։

«Մինչև 2010 թվականը մենք անկում ենք ունեցել այդ ոլորտում թռչնաբուծության մասով, քանի որ 2010 թվականին թռչունները դուրս են բերվել պատվաստման ենթակա կենդանիների ցուցակից, ինչի արդյունքում մենք մոտ 30 տոկոս գլխաքանակ ենք կորցրել»,– ասաց նա։

Նախարարի խոսքով, այդ կապակցությամբ էլ 2010 թվականին նկատվել է հավկիթի պակաս, «սակայն այսօր այդ ցուցանիշով մեզ հաջողվել է դուրս գալ ինքնաապահովման մակարդակի»։

Կարապետյանը հայտնեց, որ առաջիկայում կառավարության դիտարկմանը կներկայացվի թռչնաբուծության զարգացման ծրագիրը, որը թույլ կտա ավելացնել այդ բնագավառի արտադրության ծավալները։

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 120-130 հազար տոննա միս, ներկրվում է մոտ 54 հազար տոննա, որից մեծ մասը բաժին է ընկնում թռչնամսին։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2012 թվականի հուլիսին անասնաբուծության արտադրության ծավալը կազմել է մոտ 19.3 մլրդ դրամ` 2011 թվականի հուլիսի համեմատ ավելանալով 3.2 տոկոսով։ -0-