Մոշը, կեռասը և ազնվամորին հանվել են արտահանման աջակցության ծրագրից, փոխարենն ավելացվել է ծաղիկը. Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մոշը, կեռասը և ազնվամորին հանվել են արտահանման աջակցության ծրագրից, փոխարենն ավելացվել է ծաղիկը, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս նախագիծը, ըստ էության, արտահանման աջակցության գործող ծրագրերի շարունակականության ապահովման և որոշակի լավարկման մասին է։ Այնտեղ որոշ ապրանքներ կան, որոնք այլևս արտահանման պոտենցիալ չունեն սեպտեմբեր ամսվա համար՝ մոշ, կեռաս, ազնվամորի։ Դրանք հանել ենք, փոխարենը ավելացրել ենք ծաղիկը», - ասաց Պապոյանը կառավարության նիստում։
Նախարարը նշեց, որ բոլոր երկրների դեպքում արտահանման աջակցութունը կտրամադրվի 50 դրամի չափով։
Նրա խոսքով՝ նախատեսվում է ևս մեկ ամսով երկարաձգել դեղձի և թզի վերամշակման նպատակով տրամադրվող փոխհատուցման ժամկետը։
«Մնացած աջակցության ծրագրերը, որոնք նախորդիվ կային՝ միրգ-բանջարեղենի համար արդեն իսկ ընդունված, պահպանված են։ Եթե անցած տարի առաջին յոթ ամսում 865 միլիոն դոլարի ագրոպարենային արտադրանք էինք արտահանել, ապա այս տարի ընդամենը 1.85%-ով ենք պակաս արտահանել` 849 միլիոն դոլար։ Հաշվի առնելով տեմպերը՝ նույնիսկ մտածում ենք, որ օգոստոսը ներառյալ արդեն կարող ենք գերազանցել», - ասաց Պապոյանը։
Նախարարը վստահեցրեց, որ արտահանման ծավալների հետ կապված խնդիրը լուծված է։
«Մենք դիվերսիֆիկացնում ենք և արտահանում ենք։ Ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16», - հայտնեց Պապոյանը։
Դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների մասին
Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարման վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ոգելից ըմպելիքների որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ թարմ ձուկն ու ձկնամթերքը, կաթնամթերքը։
Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։