Рейтинг@Mail.ru
USD
364.26
EUR
422.18
RUB
4.2019
GEL
138.9
2026 թ. սեպտեմբերի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Պուտինը հայտարարել է ՌԴ-ի և Հայաստանի միջև 2,5 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության մասին, Փաշինյանը մատնանշել է խնդիրների առկայությունը

Այսօր, 00:45
Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է՝ շուրջ 30% մասնաբաժնով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Պուտինը հայտարարել է ՌԴ-ի և Հայաստանի միջև 2,5 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության մասին, Փաշինյանը մատնանշել է խնդիրների առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է՝ շուրջ 30 տոկոս մասնաբաժնով, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ներդրող է։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Իրականացվում են փոխշահավետ նախագծեր արդյունաբերության և գյուղատնտեսության, հանքարդյունահանման, խաղաղ ատոմի, տրանսպորտի, թվային տնտեսության ոլորտներում։ Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են՝ ստեղծում են աշխատատեղեր, փոխանցում ժամանակակից տեխնոլոգիաներ, ամրապնդում երկրի էներգետիկ անվտանգությունը»,-ընդգծել է նա։

Փաշինյանն իր հերթին նշել է, որ շատ ռուսական ընկերություններ շատ հաջող գործում են Հայաստանում, ունեն բարձր շահույթներ, հարկեր են վճարում։

Սակայն, նրա խոսքով, պետք է այդ ընկերությունները բաժանել երկու մասի։

«Կան ընկերություններ, որոնք հաջողությամբ գործում են, այսինքն՝ շահութաբեր են և զարգանում են, բայց կան նաև ընկերություններ, որոնք, ցավոք, շահութաբեր չեն և չեն զարգանում։ Եվ սա, կարծում եմ, խնդիր է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության համար։ Սա նույնպես հարց է, պետք է դիտարկել և քննարկել նաև այս հարցերը, այս նրբությունները»,-ասել է նա։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2.63 միլիարդ դոլար՝ 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ նվազելով 20,9%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանումը նվազել է 4,2%-ով՝ հասնելով 1.22 միլիարդ դոլարի, ներմուծումը կրճատվել է 30,6%-ով՝ կազմելով 1.47 միլիարդ դոլար։