Միրզոյան․ Երևանը հարգում է ՌԴ–ի շահերը երկաթուղու մասով կոնցեսիայի ընդունման հարցում
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանը Ռուսաստանին առաջարկում է վաճառել երկաթուղու իրենց իրավունքները, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս երկաթուղային ցանցը լուրջ արդիականացման կարիք ունի, շարժակազմը լուրջ արդիականացման կարիք ունի, մենք քննարկել ենք հարցը, և, ոնց որ թե, ռուսաստանցի գործընկերները անհրաժեշտ ներդրումներ անել չեն պատրաստվում»,– ասաց Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով` Հայաստանի առջև պատմական հնարավորություն է բացվում` դառնալու արևելք-արևմուտք փոխադրումների առանցքային օղակ, և ՀՀ-ն իրեն չի կարող թույլ տալ այդ հնարավորությունը բաց թողնել։
«Հիմա ինչպե՞ս վարվել այս իրավիճակի հետ։ Մենք դիմում ենք մեր ռուսաստանցի գործընկերներին և ասում ենք, որ հարգում ենք ձեր շահերը, չենք ուզում ոտնահարել։ Հետևաբար առաջարկում ենք վաճառել իրենց իրավունքները, որպեսզի նրանք էլ տուժած դուրս չգան, վաճառել մեզ և որևէ երրորդ երկրի, որ մենք և նրանք ընդունելի կհամարենք», - ասաց նախարարը։
Որպես հնարավոր տարբերակ նա նշեց Ղազախստանը կամ որևէ այլ երկիր։
Նախարարի խոսքով՝ աշխարհում ներկայում փնտրում և ձևավորում են լոգիստիկ նոր ուղիներ, նոր միջանցքներ և նոր կամուրջներ, որոնցից մեկը Հայաստանի տարածքն է։
«Հայաստանի տարածքը հնարավորություն ունի դառնալու, ու բոլորը հակված են համաձայնելու», - հայտնեց Միրզոյանը։
Նա նաև նշեց, որ ռուսական կողմի առաջին արձագանքն առաջարկին «մի քիչ սառն» է եղել, որը, ըստ Միրզոյանի, բնական է։