Рейтинг@Mail.ru
USD
364.26
EUR
422.18
RUB
4.2019
GEL
138.9
2026 թ. սեպտեմբերի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Պուտինը կարծում է, որ Հայաստանի ԵՄ ձգտումները սպառնում են զրոյացնել ԵԱՏՄ-ում ՀՀ-ի առավելությունները

Այսօր, 22:47
ՌԴ նախագահն ընդգծել է, որ երկրի հետագա քաղաքական-տնտեսական կուրսի ընտրության վերաբերյալ պետք է հստակ արտահայտվի Հայաստանի ժողովուրդը
 Պուտինը կարծում է, որ Հայաստանի ԵՄ ձգտումները սպառնում են զրոյացնել ԵԱՏՄ-ում ՀՀ-ի առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրամիությանը Հայաստանի ձգտումը երկրի, ժողովրդի, Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն դա հղի է ԵԱՏՄ-ում գտնվելու բարդություններով և սպառնում է ԵԱՏՄ շուկայում ՀՀ-ի առավելությունների զրոյացմամբ ու կայացած առևտրային շղթաների խզմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին ավելի քան 10 տարվա մասնակցության ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ. 2015 թ.-ին 10,6 միլիարդ դոլար էր, 2025 թ.-ի արդյունքներով՝ մեր վիճակագրությամբ՝ 29,2 միլիարդ դոլար։ Միության երկրներ արտահանումն աճել է 10 անգամ։ Այսօր միավորման շուկային բաժին է ընկնում արտաքին առևտրաշրջանառության շուրջ 36%-ը», - ասել է նա։

Այս կապակցությամբ ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ երկրի հետագա քաղաքական-տնտեսական կուրսի ընտրության վերաբերյալ պետք է հստակ արտահայտվի Հայաստանի ժողովուրդը։

«Բայց ընդ որում, ինչպես և ասել էինք, կարևոր է զուտ օբյեկտիվորեն՝ իրողությունների հիման վրա մոտենալ և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Կրկին կրկնում եմ, մենք հարգանքով կվերաբերվենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Ինչպես Հայաստանը որոշի, այնպես էլ կլինի», - ասել է նա։

Պուտինը խնդրել է Հայաստանին որքան հնարավոր է արագ կողմնորոշվել այս հարցում՝ հավելելով. «Մենք պետք է մեր առևտրային և տնտեսական քաղաքականությունը ճշգրտենք՝ կապված այդ հնարավոր որոշումների հետ»։

«Որքան արագ կողմնորոշվենք, այնքան լավ, որովհետև մենք նույնպես պետք է հասկանանք, թե ինչպես զարգացնենք հարաբերությունները Հայաստանի հետ, առաջին հերթին՝ տնտեսական առումով։ Որոշ բաներ, կարգավորման հարցեր, ասենք՝ գյուղմթերքի, տեխնիկական տարբեր նորմերի և ստանդարտների կարգավորման հարցերը, դրանք բացարձակապես չեն համընկնում ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում», - ասել է նա։

Ի պատասխան խոսքում Փաշինյանն ասել է, որ հայկական կողմի համար կարևոր է այլընտրանք ունենալը։

«Դա չի նշանակում, թե մենք դժգոհ ենք ԵԱՏՄ-ից։ Չնայած նրան, որ ԵԱՏՄ-ում կան բազմաթիվ աշխատանքային հարցեր։ Մենք դա միշտ քննարկում ենք։ Ե՛վ ռազմավարական հարցերը, և՛ մարտավարական հարցերը։ Սա համարվում է լեգիտիմ նպատակ՝ պետության համար, երկրի համար այլընտրանքներ ունենալը։ Եվ սա գործընթաց չէ ընդդեմ Ռուսաստանի, ոչ էլ՝ ընդդեմ ԵԱՏՄ-ի։ Որովհետև մենք շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Մենք հույս ունենք, որ այդ հարաբերությունները կարևոր են նաև Ռուսաստանի Դաշնության համար։ Ես ուզում եմ հաստատել, որ անձամբ ես և մեր կառավարությունը շատ հոգատար ենք վերաբերվում այդ հարաբերություններին, և հույս ունեմ, որ դուք նույնպես հոգատար եք վերաբերվում այդ հարաբերություններին», - ասել է նա։

Հայաստանի վարչապետը նշել է նաև, որ կգա ժամանակը, երբ պետք է անել շատ հստակ ընտրություն։

«Պարզապես մեր դիրքորոշումն այն է, որ այս պահին այդ ժամանակը չի հասունացել։ Այժմ մենք այլընտրանք չունենք։ Երբ այն ստեղծվի (եթե ստեղծվի), այն ժամանակ մենք ընտրություն կանենք հանրաքվեի միջոցով կամ առանց դրա։ Կան նաև այդպիսի տարբերակներ», - պարզաբանել է նա։

Ի պատասխան դրան՝ Պուտինը հայտարարել է. «Համաձայն եմ այն բանի հետ, որ ժողովուրդը միշտ պետք է ընտրություն ունենա։ Այո, այդպես էլ արեք: Եվ փակենք թեման։ Ահա և վերջ։ Ամենապարզն է՝ դիմել մարդկանց և հարցնել՝ ի՞նչ եք ուզում։ Այսպե՞ս, թե՞ այնպես։ Եվ վերջ»։

Հայաստան-ԵՄ. գլխավորը

2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց Եվրոպական միությանը երկրի միանալու գործընթաց սկսելու մասին օրենքին։ Ապրիլի 4-ին փաստաթուղթը ստորագրեց նախագահը։

2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կողմերը հաստատեցին Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ Երևանում հայտարարեցին, որ խոսքը երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական կայունության աջակցության մասին է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդ որում ընդգծում էր, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ չափանիշներ, սակայն առայժմ պահպանում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով՝ եթե երկու ուղղությունների համատեղումն անհնարին դառնա, հետագա ընտրությունը կարվի երկրի քաղաքացիների հետ միասին։

2026 թվականի մայիսի 4-ին Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Դրան մասնակցեցին ԵՄ երկրների, Եվրոպայի այլ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված էր որպես «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։