«Ռուսական երկաթուղիները» կատարում են ՀՀ–ի հետ կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և բաց են երկխոսության համար․ ընկերության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Ռուսական երկաթուղիներ»-ը կատարում է Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիոն պայմանագրի պայմանները և բաց է հայկական կողմի առաջարկների քննարկման համար, «Իզվեստիա»-ին տված մեկնաբանությունում հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը:
Նրա խոսքով՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ և ուշադիր է վերաբերվում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը:
«Մենք պայմանագրի երկու կողմերն ենք: Առաջանում են տարբեր հարցեր, առաջարկներ, որոնք համատեղ քննարկում ենք և որոշակի գործողություններ նախանշում: Տարբեր հարցեր կան, որոնք մեզ ուղղում են հայ գործընկերները: Մենք բաց ենք երկխոսության համար և բարյացակամ, առավելագույնս հարմարավետ արձագանքում ենք հայկական կողմի բոլոր առաջարկներին»,- հայտարարել է ընկերության ղեկավարը։
Բելոզյորովն ընդգծել է, որ ընկերությունը Հայաստանի հետ համագործակցության հարցերը դիտարկում է առաջին հերթին գործող կոնցեսիոն պայմանագրի տեսանկյունից:
Նրա խոսքով՝ փաստաթղթում մանրամասն նկարագրված են պայմանագրի դադարեցման, լուծման, փոփոխման, զարգացման և երկարաձգման պայմանները, և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է խստորեն հետևել այդ դրույթներին: Հոլդինգի ղեկավարը նաև հայտարարել է, որ կառավարությունների մակարդակով լրացուցիչ որոշումների ընդունման դեպքում ընկերությունը կկատարի դրանք:
Նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը լուծում կգտնի հանրապետության երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարման հարցում այնպես, որ կարողանա իրացնել իր տարանցիկ ներուժը՝ միևնույն ժամանակ չվնասելով ռուս գործընկերների շահերին:
Հայաստանի ծրագրերի մասին ՀԿԵ-ի վերաբերյալ
2026 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման իրավունքը մեկ այլ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար բարեկամ երկրին, մասնավորապես Կատարին, ԱՄԷ-ին կամ Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը:
Նա նաև հայտարարել էր, որ TRIPP նախագծի շրջանակում մի շարք երկրներ առաջարկում են Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև երկաթուղային հաղորդակցությունը կազմակերպել Հայաստանը շրջանցելով՝ նշելով, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական ընկերության կառավարման ներքո: Նրա խոսքով՝ դրա պատճառով «Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը»:
Հուլիսի 30-ին Փաշինյանը հնարավոր էր համարել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի համատեքստում Ռուսաստանին 2 մլրդ դոլարի չափով ֆինանսական պահանջներ ներկայացնելը: Նրա խոսքով՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և հանրապետությունն իրավունք ունի օգտագործել օրենքով նախատեսված ցանկացած մեխանիզմ, ներառյալ արբիտրաժը: Ընդ որում, Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ակնկալում է հարցը կարգավորել բարեկամական ձևաչափով՝ ռուսական կողմի հետ երկխոսության միջոցով:
Ավելի ուշ՝ նույն օրը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է հետևել կոնցեսիոն համաձայնագրի պայմաններին և Հայաստանի կողմից դրա դադարեցման կամ փոփոխման դեպքում ակնկալում է կատարված ներդրումների վերադարձ:
Ռուսական կողմի գնահատմամբ՝ կոնցեսիայի գործողության սկզբից ի վեր Հայաստանի երկաթուղային համակարգում ներդրվել է ավելի քան 30 մլրդ ռուբլի: